ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.09.2023
Կլոր սեղան-քննարկում՝ Հայաստանի էկոպորտալի Սևանա լճի բաժնի տվյալների հոսքերի վերաբերյալ

Սեպտեմբերի 15-ին Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» - EU4Sevan ծրագրի շրջանակում ԳՄՀԸ (GIZ) խորհրդակցությունների սրահում տեղի ունեցավ Հայաստանի Էկոպորտալի Սևանա լճի բաժնի մշակմանը նվիրված կլոր սեղան-քննարկում։ 
Հանդիպման շրջանակներում ներկայացվեցին Հայաստանի էկոպորտալի բարելավման նպատակներն ու խնդիրները, Սևանա լճի բաժնի նախատեսվող բաղադրիչները և տվյալների հոսքերը, առաջարկվող ինտերակտիվ քարտեզը, քննարկվեցին Էկոպորտալի Սևանա լճի բաժնի տվյալների հոսքերի ապահովման խնդիրները։ Քննարկմանը մասնակցեցին Շրջակա միջավայրի նախարարության և դրա տարբեր ստորաբաժանումների, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտների և Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչներ։ 
Ողջույնի խոսքերով հանդես եկան Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը։ 
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդգծեց բնապահպանական տվյալների կառավարման միասնական հարթակի և այն կարգավորող օրենսդրական շրջանակի հիմնման անհրաժեշտությունը։ Ք․ Հենշելը խոսեց Սևանա լճի և դրա ավազանի վերաբերյալ տվյալների տարաբաշխվածության հետ կապված խնդիրների մասին և նշեց ծրագրի կողմից մշակվող Հայաստանի Էկոպորտալի Սևանա լճի բաժնի անհրաժեշտությունը՝ որպես կարգավորված մուտքի կետ դեպի ամբողջական տեղեկատվություն։ 
ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը, ով նաև հանդիսանում է Հայաստանում շրջակա միջավայրի միասնական տեղեկատվական համակարգի ( ՇՄՏՄՀ - SEIS) ազգային համակարգող ՇՄՆ-ի կողմից, ներկայացրեց ՇՄՏՄՀ սկզբունքները, Հայաստանի Էկոպորտալի հիմնման նախապատմությունը և դրա զարգացման ուղղությամբ հետագա անհրաժեշտ քայլերը։ 
Այնուհետև, ЕU4Sevan ծրագրի խորհրդական Ալեքսանդր Առաքելյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում Հայաստանի էկոպորտալի բարելավման նպատակները և խնդիրները, որից հետո, էկոպորտալի Սևանա լճի բաժնի մշակման համար պատասխանատու կապալառու կազմակերպության՝ «Գեոինֆո» ՍՊԸ-ի փորձագետները ներկայացրեցին մշակվող հարթակի բաղադրիչները, ինտերակտիվ քարտեզը և տվյալների հոսքերի սխեման։ 
Հանդիպումը շարունակվեց Էկոպորտալի Սևանա լճի բաժնի տվյալների հոսքերի ապահովման վերաբերյալ շահառու կազմակերպությունների հետ քննարկմամբ, որի արդյունքում ձեռք բերվեցին տվյալներ մշակող կազմակերպությունների հետ առանձին հանդիպումների կազմակերպման և տվյալների փոխանակման պայմանավորվածություններ: