ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կառավարում/անտառ

Անտառների կայուն կառավարումն անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման և արդյունավետ օգտագործումն է՝ պահպանելով անտառների կենսաբազմազանության ինքնավերականգնման կարողությունը, ինչպես նաև ապահովելով անտառների բնապահպանական, սոցիալական, տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը ներկա և ապագա սերունդների համար։
Անտառների պահպանությունը հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, արածեցումների, աղտոտման, աղբոտման և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացում է։
Անտառների պաշտպանությունը վնասակար օրգանիզմների (վնասատուների և հիվանդությունների) կողմից անտառների ոչնչացման, չորացման, օգտակար հատկությունների կորստի կանխարգելմանը և սանիտարական վիճակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում է։
Անտառավերականգնումը նախկինում անտառածածկ տարածքների վերականգնումն ու բնական վերաճի ապահովումն է։
Անտառապատումն արհեստական անտառային մշակույթների հիմնադրումն ու աճեցումն է տնկման և ցանքի միջոցով` ոչ անտառածածկ հողերի, ինչպես նաև այլ նպատակային նշանակության հողերի վրա։
Անտառօգտագործումն անտառների, անտառային պաշարների և անտառային հողերի օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու հնարավորության օգտագործումն է։
Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը, ինչն իրականացնում է նախարարության Անտառային քաղաքականության վարչության և Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 17 «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի միջոցով։ 

«Անտառտնտեսություն» մասնաճյուղերն ըստ մարզերի

N Մարզերը     «Անտառտնտեսություն» մասնաճյուղերը
1 Լոռի Ջիլիզայի
Թումանյանի
Վանաձորի
Ստեփանավանի
Տաշիրի
2 Տավուշ Իջևանի
Սևքարի
Նոյեմբերյանի
Արծվաբերդի
3 Սյունիք Սյունիքի
Կապանի
Սիսիանի
4 Վայոց ձոր Վայոց ձորի
5 Գեղարքունիք Ճամբարակի
6 Կոտայք Հրազդանի
7 Շիրակ Գյումրիի
8 Արագածոտն Արագածոտնի

Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման իրավասություններն են`

  • պետական անտառների տիրապետումը և օգտագործումը,
  • պետական քաղաքականության մշակումը և իրականացումը,
  • անտառների դասակարգումը՝  ըստ գործառնական նշանակության,
  • Հայաստանի Հանրապետության պետական անտառային տնտեսությունների վարման կազմակերպումը,
  • պետական անտառների անտառաշինական նախագծերի հաստատումը,
  • Հայաստանի Հանրապետության պետական անտառային կադաստրի վարումը, անտառային հողերի պետական հաշվառումը,
  • անտառների արտադրողականության բարձրացմանը, անտառավերականգնմանը, անտառապատմանը և խնամքին ուղղված նպատակային ծրագրերի մշակումը,
  • անտառային հողերի բերրիության բարձրացումն ու պահպանումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը,
  • հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացման, անտառային հրդեհների հայտնաբերման ու կանխման, անտառների վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելման կազմակերպումը,
  • անտառների մոնիթորինգի իրականացումը,
  • անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների` ապօրինի հատումների, ծառերի, թփերի, երիտասարդ տնկարկների և անտառային մշակույթների վնասման և ոչնչացման, քիմիական, ռադիոակտիվ նյութերով, կեղտաջրերով, կոմունալ-կենցաղային թափոններով անտառների աղտոտման և անտառային օրենսդրության այլ խախտումների հայտնաբերման ու կանխարգելման կազմակերպումը և այդ մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավապահ մարմիններին տեղեկությունների անհապաղ տրամադրումը,
  • անտառների կայուն կառավարման բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը,
  • համայնքային անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական, պայթեցման, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման և այլ աշխատանքների կատարման նպատակով հողերի նպատակային նշանակության փոփոխման, ինժեներաերկրաբանական հետազոտությունների իրականացման համար թույլտվության տրամադրումը,
  • անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողությունը։