ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.08.2018
Արագածոտնի մարզի Թալին քաղաքից մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արգելման գործընթացը

Հուլիսի 10-ին բնապահպանության նախարարը հայտարարել էր, որ Հայաստանում աստիճանաբար կնվազի, այնուհետև կարգելվի մեկ անգամյա օգտագործման պլաստիկի գործածությունը՝ շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու և աղբի կառավարումն արդյունավետ իրականացնելու նպատակով։ Մեկ անգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման ռազմավարությունը բաղկացած է 2 փուլից։ Առաջին փուլում համայնքի բնակչության մոտ նախատեսվում է  ձևավորել «կանաչ մտածելակերպ» և գնահատել վարքագծի փոփոխությունը։ Արդյունավետության հիման վրա էլ գործընթացը կներառի մեկ մարզ և հետագայում  կամփոփվի ամբողջ Հանրապետության տարածքում՝ մեկ անգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելմամբ։  Ռազմավարության երկրորդ փուլն իր մեջ ներառում է մեկ անգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և վերջնական արգելման համապատասխան իրավական ակտերի մշակումը։ Ռազմավարությունն իրականացվելու է պետական մակարդակով, որտեղ պետք է ցուցաբերվի համապարփակ մոտեցում, շարունակական աշխատանքներ և բանակցություններ մասնավոր և հանրային հատվածների հետ՝ առաջարկելով պլաստիկի համար այլընտրանք և մշակելով համապատասխան քաղաքականություն՝ ֆինանսական և տնտեսական իրագործելիությունը և կայունությունն ապահովելու համար։ Ռազմավարության երկրորդ փուլն ավելի հեռանկարային է և  ընդգրկուն։  Ծրագրի շրջանակներում բնապահպանության նախարարությունը Թալինի քաղաքապետարան հետ համատեղ օգոստոսի 10-ին իրականացրեց առաջին հանրային լսումները, որոնց ներկա  էին Թալին համայքի ավագանու անդամները, քաղաքացիները, ուսուցիչները, քաղաքապետարանի աշխատակիցները, մասնավոր հատվածի ներկայացուցիչները և այլն։  Ողջույնի խոսքով հանդես է եկել նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը` ով ներկայացրել է «Թալինի կանաչ քաղաքականության» ձևավորման ծրագրերը: Թալինն ունի բոլոր նախադրյալները կանաչ քաղաք դառնալու, միաժամանակ լուծելով իր համայնքում առկա սոցիալական խնդիրները, -նշել է նախարարի առաջին տեղակալը։ Ուրախալի էր տեսնել Թալինի բնակչության ոգևորվածությունը  և քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը այս կարևոր գործընթացն իրականացնելու հարցում։  Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղական և միջազգային կազմակերպությունների հետ իրականացվելիք բնապահպանական ծրագրերը՝ առաջարկելով  բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել համայնքային խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներին։ «Ուրբան» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անահիտ Թուխիկյանը ներկայացրել է երկտեղ աղբարկղերի  տեղադրման,  պլաստիկ շշերի վերամշակման, ինչպես նաև Թալինի աղբավայրի ցանկապատման, վերանորոգման աշխատանքների փուլերը։ Շուրջ մեկ  ժամ տևած հարց ու պատասխանով ամփոփվել է հանդիպումը՝ առաջիկայում  գործնական քննարկման պայմանավորվածությամբ։