ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.04.2018
Հայաստան ժամանած առաքելությունը կգնահատի ԵԱՀԿ 2004-2017թթ. գործունեությունը՝ Oրհուս կենտրոնների աջակցության ուղղությամբ     

Մայիսի 6-12-ը Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ Քարտուղարության ներքին վերահսկողության գրասենյակի ավագ աշխատակից Բիրգեր Հելդտը։ Այցի նպատակն է գնահատել Հայաստանի Հանրապետությունում գործող թվով 15 բնապահպանական տեղեկատվության հասարակական Օրհուս կենտրոնների ցանցի աջակցությանն ուղղված ԵԱՀԿ ծրագրային գործունեությունը։ Գնահատումը կատարվում է ԵԱՀԿ ներքին վերահսկողության գրասենյակի 2018թ. վերահսկողության ծրագրի շրջանակներում, որում Հայաստանից բացի ներառված  են նաև Սերբիայի Հանրապետությունը և Տաջիկստանը։     Այցի շրջանակներում մայիսի 7-ին կկազմակերպվի հանդիպում նաև ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ, որի ընթացքում կատարված աշխատանքներին առնչվող հարցերից բացի կքննարկվի նաև Oրհուս կենտրոններին ԵԱՀԿ-ի կողմից հետագա աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները։     2001թ. վավերացնելով Օրհուսի կոնվենցիան՝ ՀՀ կառավարությունն ստանձնել է պարտավորություն՝ համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը Կոնվենցիայի նորմերին, ինչպես նաև քայլեր կատարել կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ: Այդ նպատակով 2002 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն սկսել են գործել բնապահպանական տեղեկատվության հասարակական Օրհուս կենտրոններ: Շրջակա միջավայրի հարցերով իրազեկմանը, իրավագիտակցության բարձրացմանը և իրավակիրառմանն աջակցելու նպատակով 2002թ. ԵԱՀԿ գրասենյակը և ՀՀ ԲՆ-ն համատեղ ստեղծել են Երևանի Օրհուս կենտրոնը` նմանատիպ առաջին կառույցն աշխարհում: Այնուհետև, ի պատասխան մարզային պետական կառավարման մարմինների ցուցաբերած նախաձեռնության` ԵԱՀԿ-ի աջակցությամբ հաջորդաբար 14 կենտրոն է բացվել  նաև  ՀՀ մարզերում։ Հայաստանում Օրհուս կենտրոնների աջակցության ծրագիրն ամբողջ ԵԱՀԿ-ում ճանաչված է լավագույնը: