ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.03.2018
Քննարկվել է ջրային ռեսուրսների մասնակցային, հաշվետու կառավարմանն ուղղված օրենսդրության կատարելագործման ռազմավարության սկզբունքները

Ս/թ․ մարտի 29-ին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը  մասնակցել է «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային, թափանցիկ, հաշվետու և երաշխավորված կառավարմանն ուղղված օրենսդրության կատարելագործման ռազմավարության և ճանապարհային քարտեզի ներկայացման աշխատաժողովին։  Ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը՝ հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև քայլեր ձեռնարկել ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատումն ապահովելու համար։ Աշխատաժողովին  մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վ․Դավթյանը, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վ․Նարիմանյանը, «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի ղեկավար Ա․Վարոսյանը, ծրագրի իրավական կոմպոնենտի ղեկավար Հ․Ստեփանյանը, ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի փորձագետներ, ովքեր հանդես են եկել աշխատանքային խմբի գործունեության համառոտ ներկայացմամբ և ելույթներով։        ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն իր խոսքում ներկայացրել է 2017թ․ իրականացված Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների խորքային հորերի փաստացի իրավիճակի ուսումնասիրության՝ ջրաչափման, փականային ռեժիմի բերման և կապարակնքման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները:  Նախարարի տեղակալը ողջունել է ջրավազանների մասնակցային կառավարում ապահովելու համար հանրային քննարկումների մեխանիզմի ձևավորումը։ Աշխատաժողովի  ընթացքում ծավալվել է քննարկում  ջրօգտագործման ոլորտում իրավակարգավորվող դաշտի բացերի, ինչպես նաև ջրային ոլորտի կառավարմանն առնչվող որոշումների կայացման թափանցիկությունը խթանելու վերաբերյալ։