ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Խորհրդի կազմում ընդգրկված 23 հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ՀՀ արդարադատության, առողջապահության, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների, Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն հիմնադրամի աշխատակիցների և հրավիրված փորձագետների հետ համատեղ քննարկել են օրակարգի միակ հարցը՝ «Էկոլոգիական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Նիստի սկզբում խորհրդի նախագահ Ա․Մինասյանը հաստատման է դրել օրակարգը։ Ելույթ ունենալով օրակարգի ձևավորման հարցի վերաբերյալ՝ Հայաստանի կանաչների միություն հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանն առաջարկել է հասարակական խորհրդի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկել Ամուլսարի հանքավայրի շահագործման և արտադրական թափոնների կառավարման հարցերը։ Առաջարկը հավանության է արժանացել խորհրդի նախագահի և անդամների կողմից։ Ա․Մինասյանը նշել է, որ խորհրդի նախկին նիստերում հարցը քննարկվել է և ՀՀ բնապահպանության նախարարությունը մշտապես պատրաստակամ է եղել քննարկել ոլորտի վերաբերյալ հասարակությանը հուզող ցանկացած հարց։ Նախարարը տեղեկացրել է, որ գերատեսչությունը հարթակ էր տրամադրել Հարութ Բրոնոզյանի գլխավորած միջազգային փորձագետների և Լիդիան Արմենիա ընկերության ներկայացուցիչների հանդիպման համար, որին հրավիրվելու էին նաև շահագրգիռ բոլոր հասարակական կազմակերպությունները և Հայաստանի փորձագետները, բայց միջազգային փորձագետները հրաժարվել էին մասնակցությունից։ Խորհրդի նախագահը ներկաներին տեղեկացրել է, որ նախարարի գլխավորությամբ բնապահպանական գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները հանդիպել են Լիդիան Արմենիա ընկերության փորձագետների հետ և բարձրացրել հասարակությանը մտահոգող բոլոր հարցերը, որոնց ի պատասխան փորձագետները ներկայացրել են հիմնավորումներ։ Ներկայացնելով բարձրացված հարցերի կարգավորման ուղղությամբ նախարարության կողմից կատարվող միջոցառումները՝ Ա․ Մինասյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը փետրվարի 22-ին քննարկելու է ընդերքօգտագործողների ինքնամոնիթորինգի համակարգի ներդրման որոշման նախագիծը, որով սահմանվում է, որ ընկերություննները կենսաբազմազանության առանձին տարրերի վերաբերյալ սեփական միջոցներով պարբերաբար մոնիթորինգ /այդ թվում նաև լաբորատոր միջոցներով/ անելու պարտավորություն են ստանձնում և դրանց արդյունքները եռամսյակային, տարեկան պարբերականությամբ պարտադիր հրապարակվելու են։ Դրան զուգահեռ պետական միասնական մոնիթորինգով նույնպես կիրականացվեն ծրագրեր՝ սահմանված նորմերից հնարավոր շեղումներն արձանագրելու և նախնական փուլում օպերատիվ լուծումներ տալու համար։ Ա․Մինասյանը խորհրդի անդամներին նաև տեղեկացրել է, որ մշակվել է ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով սահմանվելու է հողագրունտ հասկացությունը, ինչպես նաև իրավական կարգավորում կտրվի հողի բերրի շերտի հանելու, օգտագործելու և ռեկուլտիվացման հարցերին, մասնավորապես՝ ճանապարհաշինության ոլորտում։ Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է նաև ընդունել ՀՀ կառավարության որոշում, որով կսահմանվի հողագրունտի հանույթի կարգը։ Անդրադառնալով «Էկոլոգիական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի ընդունմանը՝ Ա․Մինասյանը շեշտել է, որ հասարակական կազմակերպությունների կողմից բազմիցս բարձրացվել է բնապահպանության ոլորտում շրջանակային օրենք ունենալու անհրաժեշտության հարցը։ Առաջարկվող օրենքի նախագիծը բնապահպանական հիմնարար սկզբունքներ ամրագրող այնպիսի մի նորմատիվ ակտ է, որը կդառնա նաև ոլորտի ողջ օրենսդրության վերանայման հիմք։ Ակնկալել, որ մեկ օրենքով կկարողանայինք ողջ օրենսդրությունը համառոտ դնել սեղանին՝ իրատեսական չէր, բայց որ սկզբունքները, մոտեցումները պետք է ամրագրեինք և մեր օրենսդրական վերանայումների քաղաքականությունը պետք է հիմնվի դրանց և հասարակության առաջարկների վրա՝ չափազանց կարևոր էր,- հայտարարել է խորհրդի նախագահը և խոսքը փոխանցել ‹‹Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Ջուլիետա Ղլիչյանին։ Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ բանախոսը նշել է, որ խնդիր էր դրված բնապահպանության ոլորտում օրենսդրական կարգավորումները համահունչ դարձնել արդի պահանջներին, այդ թվում նաև Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի պահանջներին։ Օրենքի նախագիծը կառուցվել է արդեն գործող օրենսդրության օգտագործման և ժամանակի նոր պահանջների համադրմամբ։ Բնապահպանության ոլորտը կարգավորող գործող օրենքները ճյուղային՝ ուղղահայաց բնույթ ունեն և առաջարկվող օրենքի նախագիծը կարգավորում է հորիզոնական հարաբերությունները, այդ թվում նաև՝ Էկոհամակարգային մոտեցումների։ Էկոլոգիական քաղաքականության մասին օրենքի ընդունումից հետո իրականացվելու են համալիր փոփոխություններ բոլոր օրենքներում, ինչպես նաև մշակվելու են նոր օրենքներ։ Օրենքի նախագծով կարգավորվում են էկոհամակարգային ծառայությունների մատուցման, շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման և հսկման համակարգի ներդրման, բնապահպանական թույլտվությունների տարբերակման, էկոմակնշման, էկոաուդիտի և այլ հիմնարար խնդիրներ։ Խորհրդի նախագահը և Ջ․Ղլիչյանը պատասխանել են օրինագծի վերաբերյալ նիստի մասնակիցների հարցերին։ Մասնավորապես, անդրադառնալով օրենքի շրջանակներում բնապահպանական թույլտվությունների համակարգի՝ գործարար միջավայրի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնելու վերաբերյալ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցչի մտահոգությանը, Ա․ Մինասյանը շեշտել է, որ առաջարկվող լուծումներով էականորեն դյուրինացվելու է գործարարությամբ զբաղվել ցանկացողների թույլտվության ներկայիս գործող մեխանիզմը․ տարբեր գերատեսչություններին դիմելու փոխարեն՝ առաջարկվող օրենքով նրանք կարող են մեկ դիմումով ստանալ գործունեություն ծավալելու թույլտվություն։ Խորհրդի անդամներն, ստանալով բարձրացված հարցերի պատասխանը, կարևորել են «Էկոլոգիական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի մշակումը։ Հասարակական խորհրդի նախագահ Ա․Մինասյանն ամփոփել է քննարկումների արդյունքները և առաջարկել, որ խորհրդի հաջորդ նիստը գումարվի հաջորդ ամիս՝ հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների կողմից հրատապ համարվող հարցերի առկայությունը