ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.11.2016
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այց է կատարել «Խոսրովի անտառ» պետական արգելոց

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Կովկասի բնության հիմնադրամ /CNF/ գերմանական կազմակերպության գործադիր տնօրեն Ջեոֆ Ջիակոմինիի հետ աշխատանքային այց է կատարել «Խոսրովի անտառ» պետական արգելոց: Աշխատանքային խմբում են եղել նաև ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև CNF-ի Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանը և ֆինանսական խորհրդատու Վարդան Գրիգորյանը: CNF գերմանական կազմակերպությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցին աջակցություն է ցուցաբերում օպերատիվ և զարգացման ծրագրեր իրականացնելու գործընթացում: Բնապահպանության նախարարը հյուրերի հետ շրջայց է կատարել արգելոցի վարչական շենքում գործող թանգարանում, դիտել «Խոսրովի անտառի» կենսաբազմազանությունը ներկայացնող կենդանիների և բույսերի ցուցանմուշները: Հյուրերն այցելել են նաև ՊՈԱԿ-ի հերբարիումների բաժին, որտեղ պահպանվում է 6 հազար նմուշ: Բաժնում առկա են 1928 թ-ից պատրաստած բույսերի հերբարիումներ, որոնցից օգտվում են Հայաստանի գիտական կենտրոնների բազմաթիվ մասնագետներ: Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջեոֆ Ջիակոմինին գրառում է կատարել թանգարանի պատվավոր այցելուների մատյանում: Վարչական շենքում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են արգելոցում իրականացվող բնապահպանական ծրագրերը և պահպանման ռեժիմի խնդիրները: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն առաջնային կարևորել է արգելոցում պահպանման ռեժիմի առավելագույն խստացումը: Նախարարի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածք, տեղում ծանոթացել պահպանման ծառայությունների իրականացման ընթացքին և էկոտուրիզմի խթանման համար արգելոցի բուֆերային գոտում ձևավորված այցելուների կենտրոնի պայմաններին: