ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և պատասխանատու այլ կազմակերպությունների մասնակցությամբ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ձկնապաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սևանա լճի Ձկնգետ գետի /Ծովագյուղ համայնք/գետաբերանին ս.թ. նոյեմբերի 27-ին իրականացվել են գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանքներ: Սևանա լիճ նախատեսված էր բաց թողնել 366 667 մանրաձուկ՝ 166 667 գեղարքունի և 200 000 ամառային իշխան: Մանրաձուկը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին` «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրով 2015 թվականի հուլիսի 14-ին ՀՀ բնապահպանության նախարարության և «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով ամրագրված չափաքանակներով: Սակայն նույն միջոցներով լիճ վաց թողնվեց մոտ 371 000 մանրաձուկ: Մանրաձկան բացթողնման աշխատանքներին հետևել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Արշակ Աղաջանյանը, տարբեր գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ, հարակից համայնքների բնակիչներ: Նախարար Արամայիս Գրիգորյանը, կարևորելով Սևանա լճում ձկնապաշարների համալրման գործողությունները, մասնավորապես նշել է. "Այսօր նախատեսված էր 366 700 մանրաձուկ բաց թողնել Սևանա լիճ, սակայն այս պահին լիճ է բաց թողնվելու 371 000 գեղարքունի և ամառային իշխան տեսակի մանրաձուկ: Բացի այդ՝ ս/թ հունիս-հուլիս ամիսներին արտահերթ կարգով «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» կողմից լիճ էր բաց թողնվել մոտ 238 000 մանրաձուկ, այսինքն՝ 2015թ. կտրվածքով՝ մոտ 610 000 մանրաձուկ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից անցկացված մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ լճում ձկան պաշարներն ավելանում են, ինչը շատ ուրախալի և ոգևորիչ է մեզ համար: Սակայն մենք ունենք մի խնդիր՝ ապօրինի ձկնորսություն, հատկապես ձվադրման շրջանում իրականացվող ձկնագողություն, որի դեմ պետք է պայքարենք ազգովի, համատեղ ջանքերով: Ես կոչ եմ անում զե՛րծ մնալ ձկնորսություն իրականացնելուց, չխաթարե՛լ լճում ձկան բնական վերարտադրությունը, որպեսզի մոտ ապագայում մենք հասնենք ձկնապաշարի ցանկալի ծավալների և լճում արդյունագործական որսի հնարավորության հեռանկար ունենանք: Եթե մեզ հաջողվի ձվադրման շրջանում լիակատար կերպով կանխել ձկան ապօրինի որսը, ապա երկու տարի հետո մենք կկարողանանք խոսել արդյունագործական որսի հնարավորությունների մասին": ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ որսի արգելքի շրջանում խեցգետնի և ձկան որսն առհասարակ կանխելու նպատակով, անց են կացվում բացատրական աշխատանքներ հարակից համայնքների ղեկավարների, բնակիչների հետ, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության, "Սևան" ազգային պարկի և ՀՀ ոստիկանության աշխատակիցների համատեղ ջանքերով իրականացվում է նախարարի հրամանը: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հրամանով Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է մանրաձկան բացթողնման աշխատանքներից հետո երեք օր ուժեղացնել հսկողությունը բացթողնման վայրի հարակից տարածքներում: «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվել է մանրաձկան բացթողնման տարածքում 3 օր կազմակերպել շուրջօրյա հերթապահություն: