ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.11.2015
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է «Էյ Թի Փի»/ATP/ հիմնադրամի պատվիրակությանը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է «Էյ Թի Փի»/ATP/ հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանի գլխավորությամբ: Բարձր գնահատելով հիմնադրամի բնապահպանական գործունեությունը Հայաստանում՝ նախարարը ողջունել է հյուրերին և սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել. "Թե մեր գերատեսչության, թե «Էյ Թի Փի» հիմնադրամի գլխավոր նպատակը մեր երկրի անտառային տարածքների ավելացումն ու կայուն զագացումն է, ինչպես նաև էկոլոգիական կրթության և իրազեկվածության մակարդակի բարձրացումը բնակչության շրջանում, ուստի ես վստահ եմ, որ միասնաբար առավել մեծ աշխատանք կարող ենք իրականացնել": Հիմնադրամի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար, նշել է, որ հիմնադրամի 20-ամյա գործունեությունը տվել է իր ցանկալի արդյունքը՝ Հայաստանի տարբեր տարածքներում տնկելով շուրջ 5 մլն ծառ և ստեղծելով տնկարաններ: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ երկու կառույցների համախմբումը միևնույն առաքելության շուրջ կարող է հիմք դառնալ առավել մեծ ծրագրերի իրականացման համար: Կողմերը քննարկել են առաջիկա համագործակցության հեռանկարները, դիտարկել հնարավոր տարածքները, որտեղ կարելի է անտառտնկման աշխատանքներ իրականացնել: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ծառահատումների նվազեցման անհրաժեշտությանը և այդ ուղղությամբ կատարվող աշխատանքներին, ինչպես նաև թափուկի հավաքման և վերամշակման խնդիրներին: Նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ Սևանա լճի մաքրման աշխատանքների արդյունքում առաջացած թափուկը ներկայում պահեստավորվում է "Սևան" ազգային պարկի տարածքում, և առաջիկայում նախատեսվում է հիմնել վերամշակման կայան, որտեղ հավաքված փայտանյութը կվերածվի այլընտրանքային վառելիքի և որոշակի առումով կթեթևացնի հարակից համայնքների բնակիչների վառելիքի խնդիրը: Այս համատեքստում նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել հիմնադրամի կողմից հավաքագրվող թափուկի վերամշակմանը: Քննարկվել են նաև համատեղ էկոկրթական դասընթացների կազմակերպման և փորձի փոխանակման հեռանկարները: