ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որտեղ քննարկվել են մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության բնագավառում առկա խնդիրները և լուծման ուղիները, ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի հիմքում դրվող ՀՀ բնապահպանության նախարարության հսկողության տակ գտնվող ոչ հարկային եկամուտների գծով ծրագրային ցուցանիշների, դրանց կատարողականի (1-ին կիսամյակի արդյունքների) և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տեղեկատվության տրամադրման ռազմավարության հստակեցման օրակարգային հարցերը: Մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության բնագավառում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ քննարկուmների արդյունքում Կոլեգիան որոշել է առաջարկել ոլորտի պատասխանատուներին ուսումնասիրել մթնոլորտային օդի պահպանությունը կարգավորող իրավական ակտերը, դրանցում առկա հակասությունները և թերությունները ու օրենդրական դաշտի բացերը վերացնող իրավական ակտերի նախագծեր մշակել: Մասնավորապես որաշվել է մինչև ընթացիկ տարվա ավարտը նախապատրաստել <<Մթնոլորտային օդի պահպանության մասին>> ՀՀ նոր օրենքի նախագիծը, Հայաստանի Հանրապետություն ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման սահմանափակումները համապատասխանեցնել ԵԱՏՄ տարածքում գործող օրենսդրությանը, այդ թվում վերանայել մաշված մեքենաների ներմուծման համար նախատեսված մաքսային դրույքաչափերը: ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի հիմքում դրվող ՀՀ բնապահպանության նախարարության հսկողության տակ գտնվող ոչ հարկային եկամուտների գծով ծրագրային ցուցանիշների և դրանց կատարողականի (1-ին կիսամյակի արդյունքների) մասին հարցի քննարկման արդյունքում որոշվել է ի գիտություն ընդունել ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի հիմքում դրված Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հսկողության տակ գտնվող ոչ հարկային եկամուտների գծով ծրագրային ցուցանիշների և դրանց 1-ին կիսամյակի կատարողականի արդյունքների մասին տեղեկանքը և առաջարկել Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալությանը, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանը, Բնապահպանական պետական տեսչությանը, (յուրաքանչյուրն իր մասով` ըստ առանձին եկամտատեսակների) հնարավորության սահմաններում ապահովել ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից հավաքագրման ենթակա մուտքերի հետագա գանձումը: ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տեղեկատվության տրամադրման ռազմավարության հստակեցման վերաբերյալ հարցի քննարկումներն ամփոփելով՝ Կոլեգիան որոշել է առաջարկել համապատասխան վարչություններին մինչև ընթացիկ տարվա ավարտը, նախապատրաստել <<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ, ուսումնասիրելով և քննարկելով նաև թեմային առնչվող այլ օրենսդրական նախաձեռնությունները, ինչպես նաև աշխատանքների ընթացքում համագործակցել և առաջարկություններ ներկայացնել իրավասու գերատեսչություններին` առևտրային գաղտնիք չհամարվող տեղեկությունների ցանկը սահմանելու ուղղությամբ: Ամփոփելով նիստը՝ նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն առաջարկել է Կոլեգիայի անդամներին ՀՀ բնապահպանության նախարարին կից կոլեգիայի 2016 թվականի աշխատանքային ծրագիրը ձևավորելու նպատակով ներկայացնել առաջարկություններ: