ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել <<ՄԱԿ-ի <<Կլիմայի փոփոխության մասին>> շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության <<Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները>> (INDC) հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի (Նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 16 ապրիլի 2015 թվականի N 397-Ն որոշման) հասարակական լսումը: Քննարկմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ բնապահպանության նախարարության ու այլ գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ: Ս.Պապյանի ներածական խոսքից հետո Նախագծի վերաբերյալ ներկայացուցչական զեկույցով հանդես է եկել <<ՄԱԿ-ի <<Կլիմայի փոփոխության մասին>> շրջանակային կոնվենցիայի համակարգող պարոն Ա.Գաբրիելյանը: Նա ներկայացրել է փաստաթղթի ընդունման կարևորությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Կոնվենցիայի իրականացման ուղղությամբ` կանգ առնելով նորարարական մոտեցումների վրա: <<Կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված գործողությունները չպետք է հանգեցնեն ոչ միայն սոցիալական ու տնտեսական հետընթացի, այլև նպաստեն Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը>>, - նշել է Ա.Գաբրիելյանը: Քննարկման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հարցադրումներ են արել կապված Կոնվենցիայի իրականացման` ջերմոցային գազերի կրճատման ու կլիմայի փոփոխությանը հարմարվելու (ադապտացվելու) և մասնավորապես, ֆինանսական մեխանիզմի, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարում երկրների միջև պարտավորությունների բաշխման Հայաստանի Հանրապետության մոտեցումների հետ: Տարածաշրջանային հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ գրավոր ուղարկել են իրենց առաջարկները և պատրաստակամություն հայտնել Նախագծի վերաբերյալ քննարկում անցկացնել իրենց տարածաշրջաններում: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Ս.Պապյանը տեղեկացրել է ներկաներին, որ նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ նախարարությունների հետ և ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական փորձաքննության: Ներկաները հավանություն են տվել Նախագծին և պատրաստակամություն հայտնել հետևել գործընթացին: