ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչիին: Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելության անցնելու առթիվ և շնորհակալություն հայտնելով այցի համար` Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների միջև բնապահպանության ոլորտում արդյունավետ համագործակցություն կհաստատվի: Դեսպան Տագուչին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր բարձր տպավորություններն է ներկայացրել Հայաստանի հրաշալի բնության, հարուստ կենսաբազմազանության վերաբերյալ և կարևորել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերի շուրջ համագործակցությունն ու փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի վավերացման ընթացքի մասին, ինչին ի պատասխան, նախարար Արամայիս Գիրգորյանը հայտնել է, որ 2013թ. հոկտեմբերին, Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան ստորագրելուց հետո, ՀՀ բնապահպանության նախարարությունը իրականացնում է Հայաստանում սնդիկի հիմնական աղբյուրների բացահայտումը, սնդիկ պարունակող արտադրանքի և թափոնների հաշվառումը, սնդիկով շրջակա միջավայրի աղտոտվածության ուսումնասիրությունը և օրենսդրական դաշտի վերլուծությունը, որն էլ հիմք կհանդիսանա Կոնվենցիայի հետագա վավերացման համար: Ամփոփելով հանդիպումը` նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է, որ բարձր է գնահատում Ճապոնիայի փորձը վտանգավոր թափոնների և աղտոտված տարածքների վնասազերծման ոլորտում և ակնկալում համագործակցություն տեղեկատվության փոխանակման և տեխնոլոգիաների ներդրման գործընթացում: