ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.04.2015
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը մեծագույն ոճիր էր ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության հանդեպ, որի անպատժելիությունը նպաստեց մարդկության դեմ իրականացվող նման հանցագործությունների կրկնությանը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է դառնա այն խորհրդանշական մեկնարկը, որով աշխարհը կճանաչի և կդատապարտի 20-րդ դարի սկզբին Առաջին աշխարհամարտի քողի ներքո իրականացված այդ աննախադեպ եղեռնը: Թեև Թուրքիան այսօր էլ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, այնուամենայնիվ, ընդունելով մեր առջև ծառացած մարտահրավերները` մենք պետք է կարողանանք պնդել պահանջատիրության մեր իրավունքը և հասնել պատմական արդարության հաստատմանը: Չէ՞ որ ո՛չ տարիների հեռավորությունը, ո՛չ ժխտողական քաղաքականությունը չեն փոխում իրականությունը: Լինելով ցեղասպանության արհավիրքը վերապրած գերդաստանի զավակ և տան անկյունում սրբորեն փայփայելով Էրգրից բերված մասունքը` իմ գեներում կրում եմ պատմական արդարության վերականգնման նախնիներիս արյան կանչը և համոզված եմ, որ մեր արդարացի պահանջն ունենալու է իր հաղթական ավարտը: ՀՀ բնապահպանության նախարար` Արամայիս Գրիգորյան