ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.02.2015
Ամփոփվեցին պետական կառույցների, ընկերությունների և բնապահպանական հասարակական կազմակերպությունների միջև համագործակցություն հաստատելու նապատակով իրականացված ծրագրի արդյունքները

«Էրեբունի Պլազա» հյուրանոցում տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության և Գերմանիայի բնության պահպանության միության կողմից իրականացվող «Համագործակցության նոր ուղիներ Կովկասում կենսաբազմազանության պահպանության համար: Համագործակցության հաստատում ընկերությունների և բնապահպանական հասարակական կազմակերպությունների միջև Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի ավարտական համաժողովը: Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության /ԳԴՀ/ շրջակա միջավայրի, բնության պահպանության, շինարարության ու միջուկային անվտանգության դաշնային նախարարության կողմից` «Բնապահպանական խորհրդատվություն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին» ծրագրի միջոցներով: Իր ողջույնի խոսքում Գերմանիայի բնության պահպանության միության գործադիր տնօրեն Լեյֆ Միլլերը շեշտել է, որ Հայաստանում արդեն 14 տարի ծավալած իրենց գործունեության արդյունքում զգալի ձեռքբերումներ են ունեցել: Ներկայացնելով ծրագրի նպատակները և արդյունքները` Լեյֆ Միլլերը նկատել է, որ այն ուղղված է գործարար միջավայրի և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության ձևավորմանը: Ծրագրի հիմնական նպատակն է ձեռնարկությունների հետ մշակել միջոցառումների նախագծեր, որոնք ուղղված են Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանմանը: Բանախոսը հայտնել է, որ արդեն համաժողովի հաջորդ օրը ՀՀ առաջատար բանկերից մեկի հետ կնքվելու է բնապահպանական ծրագրի ֆինանսավորման պայմանագիր: ՀՀ բնապահպանության նախարարության անունից ողջունելով համաժողովի հյուրերին և մասնակիցներին` բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը կարևորել է պետական մարմինների, ձեռնարկությունների և հասարակական կազմակերպությունների ջանքերի միավորումը Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանման համար: Բանախոսը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը սերտորեն համագործակցում են բնապահպանության բնագավառում և բարձր գնահատել իրականացված ծրագրի արդյունքները: ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Ռայներ Մորելը տնտեսության զարգացման համար կարևորել է կայուն էկոհամակարգերը և նկատել, որ Հայաստանը ճիշտ ժամանակին է իր համար արձանագրել կենսաբազմազանության պահպանման գործընթացում ձեռնարկատիրական հատվածի ներգրավման անհրաժեշտությունը: Բրադենբուրգի շրջակա միջավայրի, առողջապահության և սպառողների շահերի պաշտպանության նախարարության նախագահ, պրոֆեսոր Մաթիաս Ֆրոդեն իր ելույթում շեշտել է, որ աշխարհում գոյություն ունի ընդամենը 35 կենսաբազմազանության թեժ կետ /շրջան/, որոնց բնորոշ է տեսակների և էկոհամակարգերի լայն բազմազանություն: Այդպիսի կետերից մեկը գտնվում է Կովկասում և նրա կենտրոնում՝ Հայաստանում: Հայաստանն ունի ավելի շատ կենդանական և բուսական էնդեմիկ տեսակներ, քան շատ այլ եվրոպական երկրներ: Ներկայացնելով ծրագրի արդյունքները` Գերմանիայի Բնության պահպանության ծրագրի համակարգող Դոմինիկ Սոպարտը և Կովկասի ծրագրի ղեկավար Վիտալի Կովալյովը տեղեկացրել են, որ հաջողվել է ծրագրի շրջանակներում համագործակցություն հաստատել հայկական 30 ձեռնարկությունների և հասարակական կազմակերպությունների միջև: Ծրագիրը կարևորվում է հատկապես այն առումով, որ տնտեսվարողների մոտ բարձրացվում է բնապահպանական խնդիրների նկատմամբ ուշադրությունը և նախադրյալներ են ստեղծվում այդ խնդիրների լուծման նպատակով նրանց կողմից միջոցների ներգրավման համար: