Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը որպես ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախկին ուսանող մասնակցել է «90-ամյա գերազանցություն» հոբելյանական միջոցառմանը՝ նվիրված ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 90-ամյակին։
Նախքան միջոցառման բուն օրակարգին անցնելը, դեկանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են իրականացրել ֆակուլտետում, մասնակցել վաստակավոր երկրաբան Պետրոս Ալոյանի անվան գեոինովացիոն կրթական կենտրոնի բացման արարողությանը։
Միջոցառման ընթացքում նախարարը գործընկերների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ կիսվել է ուսանողական տարիների իր հիշողություններով, անդրադարձել երկրաբանի մասնագիտության կարևորությանը և Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության հնարավորություններին։
«Երկրաբանությունն առանցքային նշանակություն ունի մեր երկրի համար. տնտեսությունը զարգանում է, ընդերքը օգտագործվում է և այս մասնագիտությունը պետք է օգնի մեզ պահպանել բնական ռեսուրսների շահագործման և շրջակա միջավայրի վրա ազդեցության միջև հավասարակշռությունը։ Այս համատեքստում մեր ոլորտը մշտապես ունի մասնագիտական թարմ և նորարար գիտելիքի ու գաղափարների կարիք և ոլորտի կառավարմամբ զբաղվող պետական գերատեսչությունները բաց ու պատրաստակամ են նոր կադրերի ներգրավման և համագործակցության համար»,- նշել է նախարարը։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը ունեն կնքած համագործակցության հուշագիր, որի շրջանակում պետք է միավորել ջանքերը՝ իրականացնելու համատեղ հետաքրքրություն ներկայացնող ուսումնական և գիտահետազոտական աշխատանքներ:
«Իմ ավարտելու տարիներից ի վեր չափազանց մեծացել է ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը, այդ թվում՝ ամբողջ աշխարհում, և մենք պետք է կարողանանք որոշակի ջանքեր ներդնել Հայաստանում մասնագիտության առավել զարգացման ուղղությամբ։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ իմ սիրելի ֆակուլտետին հոբելյանի առթիվ և շնորհակալ եմ նման պատվի համար»,-իր ելույթը եզրափակել է նախարարը։