Հուլիսի 25-ից 27-ը Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը ագրոկրթական կենտրոնում համախմբել էր Հայաստանի մարզերի 40 երիտասարդների՝ վերջիններիս կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ դասախոսություններ ներկայացնելու, համայնքներում բնապահպանական նորարարական լուծումներ մշակելու և ներկայացնելու համար։
Երեք օր շարունակ երիտասարդները ծանոթացան կլիմայի փոփոխության հարմարվողականության գործելակերպերին գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, առողջապահության ոլորտներում, փոփոխության մեղմմանը՝ էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում, թափոնների կառավարմանը, թղթի վերամշակմանը. լսածն ամրապնդեցին համապատասխան գործնական աշխատանքներով, փորձի փոխանակմամբ։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Եսոյանը երիտասարդներին ներկայացրեց միջոցառման նպատակը, շնորհակալություն հայտնեց բնապահպանական օրակարգի շուրջ համախմբվելու համար և հույս հայտնեց, որ միջոցառման ընթացքում ձեռքբերված գիտելիքներն ու փորձը հնարավորինս կկիրառվեն համայնքներում՝ ի նպաստ շրջակա միջավայրի։
Միջոցառումն իրականացվեց «Ապագա առաջնորդների ներգրավում. երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։
Ծրագրի բաղադրիչներից էր «Լեգենդներ» էկոկրթական (հավելվածը՝ «MyLegends» անվանումով) խաղը. բնապահպանական միջոցառման մասնակիցների կազմը ձևավորվել էր խաղի արդյունքում բարձր միավորներ վաստակած երիտասարդներից։
Ներկայացված 40 նորարարական գաղափարները բազմաբովանդակ էին՝ աղբահանությունից, թափոնների կառավարումից մինչև ջրային ռեսուրսների կառավարում, Սևանա լճի պահպանություն, խոցելի բուսատեսակների և կենդանատեսակների վերականգնում, որոնցից 10-ը համարվեցին լավագույն և արժանացան խրախուսանքի։
ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Ապագա առաջնորդների ներգրավում. երիտասարդների համար հարմավողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի նպատակն է զարգացող երկրներում կրթել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում առկա խնդիրների համատեքստում նորարարական լուծումներ և փոփոխություններ նախաձեռնող երիտասարդների նոր սերունդ՝ ավագ դպրոցի աշակերտների համար կայուն թվային կրթության ստեղծման և ներմուծման միջոցով: