ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.06.2025
Երիտասարդները ներգրավվում են կլիմայական քաղաքականության ձևավորման գործընթացում

Երիտասարդները ներգրավվում են կլիմայական քաղաքականության ձևավորման գործընթացում. Հայաստանում ձևավորվեց Կլիմայի փոփոխության երիտասարդական խորհուրդ
Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցած միջոցառմամբ տրվեց Շրջակա միջավայրի նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի պաշտոնական մեկնարկը։ 
Միջոցառման նպատակն էր ապահովել բաց և հյուրընկալ միջավայր երիտասարդների և հիմնական շահագրգիռ կողմերի համար՝ կապ հաստատելու, գաղափարներ փոխանակելու և խորհրդի առաջնահերթությունները և գործողությունները առաջիկա տարվա համար համատեղ սահմանելու համար։ Այս նախաձեռնությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ երիտասարդների բովանդակային մասնակցությունը կարևոր է Հայաստանում ներառական և ազդեցիկ կլիմայական գործողությունների ձևավորման համար։
Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ինչպես նաև նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներ։
Իր ելույթում նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը կարևորեց երիտասարդների դերակատարությունը բնապահպանական խնդիրների լուծման հարցում,  նշելով.
«Որպես նախարարություն՝ մենք ակնկալում ենք խորհրդի անդամներից խոր պատասխանատվություն, նախաձեռնող մոտեցում և գործընկերային աշխատանք։ Մենք լիովին պատրաստ ենք աջակցել և ուղեկցել ձեզ՝ ձեր գաղափարների իրականացման ճանապարհին՝ անկախ նրանից՝ դրանք վերաբերում են տեղական գործողություններին, թե միջազգային հարթակներում Հայաստանի դիրքորոշման ներկայացմանը»։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն իր խոսքում ընդգծեց միջազգային մակարդակում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը և երիտասարդների մասնակցության կարևորությունը՝ ասելով.
«Անցյալ տարի ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն ողջունեց Հայաստանի կառավարության կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների, երիտասարդների և կլիմայական գործողությունների վերաբերյալ միջկառավարական հռչակագրի ստորագրումը և կոչ արեց ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել՝ բարձրացնելու երեխաների իրազեկվածությունն ու պատրաստվածությունը կլիմայական փոփոխությունների և բնական աղետների վերաբերյալ, ինչպես նաև՝ հաշվի առնել կլիմայի փոփոխության ազդեցությունը երեխաների վրա ազգային քաղաքականություններում և ծրագրերում։
Մենք հատկապես շնորհակալ ենք ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ոչ միայն այս խորհրդի ստեղծմանն աջակցելու համար, այլ նաև՝ ազգային կլիմայական քաղաքականության քննարկումներում երիտասարդների ձայնը լսելու պատրաստակամության համար»։
Խորհրդի անդամ երիտասարդները կիսվեցին իրենց մտահոգություններով, առաջարկեցին լուծումներ և ուղղեցին հարցեր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալին՝ նշելով ոլորտում խնդիրներին իրենց լուծումները։
Օրվա ավարտին  խորհրդանշական ծառատունկով նշանավորվեց երիտասարդների պատրաստակամությունն ու պատասխանատվությունը՝ նպաստելու Հայաստանի կայուն և կանաչ ապագայի կերտմանը։