ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.09.2025
Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ղեկավար թիմի հետ

Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ղեկավար թիմի հետ, որի կազմում էին ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային գրասենյակների բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրները և դրանց վերաբերյալ մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել համագործակցության ընթացքին, համատեղ նախաձեռնությունների առաջընթացին, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական դիրքավորմանը՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) կազմակերպման համատեքստում։
Հանդիպման առանցքում եղել է COP17 համաժողովի կարևորությունը՝ որպես հարթակ՝ Հայաստանը միջազգային հանրությանը ներկայացնելու, ինչպես նաև երկրի բնապահպանական քաղաքականության, օրենսդրական և ռազմավարական առաջընթացի ներկայացման առումով։ Համաժողովը դիտարկվել է որպես բացառիկ հնարավորություն՝ երկրի բնապահպանական օրակարգը բարձր մակարդակով ներկայացնելու և միջազգային համագործակցությունն ընդլայնելու նպատակով։
Քննարկվել է WWF-ի փորձառությունն ու ներուժը՝ համաժողովի կազմակերպչական աշխատանքներին ներգրավելու, ինչպես նաև համատեղ միջոցառումների իրականացման, միջազգային գործընկերների մասնակցության ապահովման և բնապահպանական ոլորտում համագործակցության խորացման տեսանկյունից։
Հատուկ ուշադրություն է դարձվել նաև «Հայաստանի ազգային կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների պլանի հաստատման մասին» որոշման նախագծին, որը պետք է դառնա կենսաբազմազանության պահպանության ոլորտում պետական քաղաքականության հիմնաքարը առաջիկա տարիների համար։
Քննարկվել են նաև WWF-ի կողմից արդեն իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրին», ինչպես նաև էկոլոգիական միջանցքների ձևավորման ու զարգացման հեռանկարներին։
Հանդիպման ավարտին նախարարն իր խորին շնորհակալությունն է հայտնել WWF թիմին՝ տարիների շարունակական և արդյունավետ համագործակցության, Հայաստանի բնության պահպանությանն ուղղված նվիրվածության և մասնագիտական փորձի համար։
Նա վստահություն է հայտնել, որ կողմերի համատեղ ջանքերն ու սերտ գործընկերությունը կնպաստեն ոչ միայն COP17 համաժողովի բարձր մակարդակով կազմակերպմանը, այլև Հայաստանի բնապահպանական երկարաժամկետ օրակարգի հետևողական և հաջող իրագործմանը։