ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.10.2022
Պարենի համաշխարհային օրվան նվիրված համաժողովում քննարկվել են Հայաստանի ագրոպարենային համակարգի խնդիրներն ու հնարավորությունները

Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԿԳ) համաժողով էր կազմակերպել Էկոնոմիկայի նախարարության, Ավստրիական զարգացման գործակալության, Շվեյցարական համագործակցության գրասենյակի, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Համաժողովը հիմնված էր ՊԿԳ-ի «Չորս ավելի լավ սկզբունքների» վրա՝ ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ շրջակա միջավայր և ավելի լավ կյանք բոլորիս համար։ Այն նպատակ ուներ քննարկել Հայաստանում պարենի և գյուղատնտեսության ոլորտներում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։
Միջոցառումը համախմբել էր հիմնական շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ Հայաստանի կառավարության, միջազգային և դոնոր համայնքի, հասարակական կազմակերպությունների, կրթական կառույցների և գործարար համայնքի ներկայացուցիչներին։
Համաժողովին ելույթով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
«Պարենային անվտանգության և կայուն արդյունաբերական համակարգի առաջմղման հարցում կարևոր է ոչ միայն ազգային և տարածաշրջանային մակարդակում, այլև  միջոլորտային սերտ համագործակցությունը, քանի որ հնարավոր չէ տարանջատել սննդի արտադրությունը, վերամշակումն ու սպառումը շրջակա միջավայրից, քանի որ  այն լուրջ ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա՝ պատճառ հանդիսանալով հողերի դեգրադացիային, ինչպես նաև օդային և ջրային աղտոտմանը։ 
Հայաստանի իրական առաջընթացը և երկրի տնտեսական, բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծումը կախված է բնությանը չվնասող գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մեր փոխհամաձայնեցված ջանքերից:
Մենք այսօր կարիք ունենք գյուղատնտեսական արտադրողների կարողությունների հզորացմանը զուգահեռ բնական ռեսուրսների կայուն կառավարման մոտեցումների ներդրման»,-նշել է նախարարի տեղակալը։
2022 թվականին Պարենի համաշխարհային օրը նշվում է մի ժամանակահատվածում, որը բնութագրվում է բազմաթիվ գլոբալ մարտահրավերներով, ներառյալ՝ շարունակվող համավարակը, հակամարտությունները, կլիմայի փոփոխությունը, գնաճը և միջազգային լարվածությունը։ Այս ամենը, բնականաբար, ազդեցություն է ունենում պարենային անվտանգության վրա։