Այսօր կայացել է «Հարմարվողականության ազգային ծրագրի հաղորդակցման ռազմավարություն» դասընթաց-աշխատաժողովը:
Միջոցառումը կազմակերպվել էր «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծարգրի շրջանակում և նպատակ ուներ շահառուներին ներկայացնել և քննարկել ՀՀ կառավորության 2021թ. մայիսի 13-ի 749-Լ որոշմամբ հաստատված հարմարվողականության ազգային ծրագիրը (ՀԱԾ), սկզբունքները, գործընթացները, շահառու կառույցների դերակատարությունները, ինչպես նաև ՀԱԾ գործընթացի և կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ իրազեկության ապահովման համար «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծարգրի շրջանակում մշակվող «Հարմարվողականության ազգային ծրագրի գործընթացի և կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ հաղորդակցության և իրազեկման ազգային ռազմավարական պլանի» նախագիծը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ովքեր ընդգծեցին կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերբերյալ ազգային, մարզային և տեղական մակարդակներով հանրային իրազեկման կարևորությունը մասնավորապես ՀԱԾ գործընթացի ու առաջնային սահմանված հարմարվողականության միջոցառումների իրականացման արդյունավետության համատեքստում:
Նախարարի տեղակալը կարևորել է տեղեկատվության փոխանցման անընդհատության ապահովումը ․
«Մենք ունենք նաև մեկ այլ կարևոր առաքելություն՝ հասանելի առկա տեղեկատվությունը։Շատ լավ է, որ մենք աշխատում ենք շահագրգիռ գերատեսչությունների հետ, լավ է, որ փորձեր ենք անում աշխատել տեղում մարզային կառույցների հետ, բայց մենք պետք է կարողանանք նաև գրագետ աշխատել հանրության հետ, որովհետև գործընթացների շղթայի մեջ գերակշիռ դերը պատկանում է հանրությանը, և մենք որպես քաղաքականություն մշակող մարմիններ պետք է կարողանանք տեղեկատվությունը մատչելի հասցնել թիրախային խմբերին»,-նշել է Գայանե Գաբրիելյանը և անդրադարձել մասնավորապես ջրային ոլորտում ռեսուրսների գրագետ սպառման ուղղությամբ հանրության հետ տարվող իրազեկման աշխատանքներին։
Միջոցառմանը ներկա են գտնվել և առցանց մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀԱԾ գործընթացին մասնակից նախարարությունների ու տարածքային կառավարման կառույցների ավելի քան 35 մասնագետներ։
Հաղորդակցման ռազմավարության իրագործումը կօգնի իրականացնել՝
ռազմավարական տեղեկատվության փոխանակում,
թիրախային խմբերի հարմարվողականության հաղորդակցման ճկուն մոտեցման ձևավորում,
հաղորդակցման տարբեր ուղիներով Հայաստանում հարմարվողականության և կայուն զարգացման մասին հիմնական հմտությունների և գիտելիքների փոխանցում թիրախային լսարանին,
հասանելի տեղեկատվության բացահայտում և հաղորդակցմանն առնչվող բացերի վերհանում ՀԱԾ կողմերի միջև,
առավել օպերատիվ հաղորդագրությունների և հաղորդակցման ուղիների սահմանում,
սոցիալական գովազդի արդյունավետության և կիրառելիության գնահատում,
հաղորդակցման պատասխանատվության սահմանում՝ ներքին կառավարչական արդյունավետ համակարգման նպատակով,
աջակցում մասնավոր և հանրային հատվածին՝ հասկանալու կլիմայի փոփոխությունը, դրա ազդեցությունների լայն շրջանակը, հասանելի և կիրառելի հարմարվողականության միջոցառումներն ու դրանց իրականացման անհրաժեշտությունը՝ առկա և կանխատեսվող խոցելիությունների նկատմամբ դիմակայունության ձևավորման հարցում,
Հայաստանի կառավարությանը համախմբել ընդհանուր տեսլականի և միասնական մոտեցման շուրջ՝ կլիմայի փոփոխության հետևանքների հաղթահարման և հարմարվողականության միջոցառումների առնչությամբ: