Այսօր մեկնարկեց «Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն զարգացման նպատակների» առաջին միջազգային գիտաժողովը, որը նվիրված է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին և ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյակին։
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսք է հղել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ում ուղերձը ներկայացրել է նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը։
Նախարար Մաթևոսյանը վստահ է, որ այսօրվա գիտաժողովը բացառիկ հնարավորություն է՝ համախմբելու գիտական շրջանակներին, պետական կառույցներին և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ միասին մշակելու լուծումներ, որոնք ծառայում են շրջակա միջավայրի պաշտպանությանը և նպաստում կայուն զարգացման նպատակների իրագործմանը։
Նման հարթակները հատկապես արժեքավոր են, քանի որ դրանք միավորում են գիտությունը և քաղաքականությունը, փորձառությունը և նորարար միտքը։ Այստեղ են ձեւավորվում այն գաղափարները, որոնք կարող են վերածվել իրական գործողությունների։
Ոսկեհատ Գրիգորյանը հիշատակել է, որ 2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը, ինչը մեր երկրի համար մեծ պատիվ և բացառիկ հնարավորություն է՝ ամրապնդելու Հայաստանի դերը միջազգային բնապահպանական գործընթացներում։
Գիտաժողովը շարունակվելու է մի քանի օր՝ դառնալով գիտական մտքերի, պետական քաղաքականության և հանրային մասնակցության համադրման կարևոր հարթակ։
