Կայացել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը:
Աշխատաժողովին մասնակցել են վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլինա Գեգինատը, ներկայացուցիչներ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկից, Համաշխարհայի բանկի հայաստանյան գրասենյակից, հասարակական ու միջազգային կազմակերպություններից։
«Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագիրը նպատակ ունի թիրախային տարածներում ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող լանդշաֆտները և խթանել համայնքների կայուն տնտեսական գործունեությունը թիրախային լանդշաֆտներում։
Ծրագրային փաթեթը մշակվել է Համաշխարհային բանկի և շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի համատեղ ջանքերի արդյունքում: Վերջիններս միավորել են իրենց հարուստ փորձն ու մասնագիտական կարողությունները՝ ի նպաստ Հայաստանի լանդշաֆտների վերականգնմանը և առավել արդյունավետ ու կայուն կառավարմանը։
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
«Այս միջոցառումը խոշոր առաջընթացի սկիզբ է, որտեղ մենք միավորվում ենք բնապահպանական մարտահրավերների դեմ պայքարելու և կայուն զարգացումը խթանելու համար: Համոզված եմ, որ այս նախաձեռնությունը կլինի այն շարժիչ ուժը, որը կհամախմբի մեզ բոլորիս՝ նոր սերունդների համար կայուն ու բարեկեցիկ ապագա կառուցելու տեսլականի շուրջ:
Լիահույս եմ, որ այս ծրագիրն ապագայում կծառայի որպես հաջողված օրինակ՝ ոչ միայն այլ երկրներում համանման բնապահպանական խնդիրների լուծման, այլ նաև տարածաշրջանում կայուն զարգացման և բնական ռեսուրսների կառավարման լավագույն փորձի տարածման համար»,-նշել է նախարարի տեղակալը: