ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.03.2025
Տեղի է ունեցել «Մաքուր օդի ազգային երկխոսություն» թեմայով աշխատաժողով

Աշխատաժողովին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար  Ֆրանկ Հեսսը, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի տարածաշրջանային խորհրդական Սարանգու Ռադնարագչան, Համաշխարհային բանկի կլիմայական փոփոխությունների ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանը, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի  Օդի կոնվենցիայի քարտուղարության մասնագետ Կարոլին Սանս Նորիեգան, առողջապահության, Էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի նպատակն էր բարձրացնել Օդի կոնվենցիայի և արձանագրություններին միանալու առավելությունների վերաբերյալ տեղեկացվածությունը. բարձրացնել երկրի առաջընթացի տեսանելիությունը Կոնվենցիայի վերջին արձանագրությունների վավերացման ազգային գործողությունների ծրագրի իրականացման գործում, քննարկել երկրի ազգային օրենսդրության համապատասխանեցումը արձանագրությունների դրույթներին,  քննարկել օդի որակի, կլիմայի և էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլ քաղաքականությունների համադրումը, ինչպես նաև առողջապահական քաղաքականության հետ կապերը. և մաքուր օդի համար ազգային մակարդակով ամենաարդյունավետ քաղաքականությունը: 
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը կարևորել է մաքուր օդի ապահովումը և օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված ջանքերը: «Մեր քաղաքականությունը նպատակաուղղված է օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և հանրային իրազեկման բարձրացմանը: Հայաստանի Հանրապետությունը, որպես Օդի կոնվենցիայի կողմ երկիր 1997 թվականից, հանձնառել է նպաստել Կոնվենցիայի ընդհանուր նպատակին՝ սահմանափակել և հնարավորինս աստիճանաբար նվազեցնել և կանխել օդի աղտոտվածությունը, ներառյալ օդի անդրսահմանային աղտոտումը:
Կոնվենցիայի շրջանակներում մշակվել և 2019 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած բարձրաստիճան հանդիպմանը ներկայացվել է Կոնվենցիայի արձանագրությունների վավերացման և իրականացման Ազգային գործողությունների ծրագիրը: Ազգային գործողությունների ծրագրի մշակումից 5 տարի անց ժամանակն է վերանայել առաջընթացը»,- հավելել է նախարարի տեղակալը։
Մաքուր օդի առաջընթացի, գործողությունների ծրագրի, օդի որակի, աղտոտվածության նվազեցման, կլիմայի փոփոխության, տրանսպորտային միջոցների արտանետումների նվազեցման  քաղաքականությունների վերաբերյալ ելույթներով հանդես են եկել  շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, Օդի կոնվենցիայի ազգային համակարգող Գայանե Շահնազարյանը,  նախարարության մթնոլորտային քաղաքականության վարչության պետ Արփինե Փանոյանը, ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը, Կլիմայի քաղաքականության վարչության պետ  Նոնա Բուդոյան և այլոք։
Աշխատաժողովի ընթացքում ծավալվել է արդյունավետ քննարկում Օդի կոնվենցիայի արձանագրությունների վավերացման ազգային գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ տարվող հետագա քայլերի վերաբերյալ։
Հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանով։