ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.10.2025
Երևանում կայացավ տարածաշրջանային աշխատաժողով

Երևանում կայացավ տարածաշրջանային աշխատաժողով, որը միավորեց Արևելյան գործընկերության երկրների անտառային ոլորտի հիմնական շահագրգիռ կողմերին։
Աշխատաժողովի նպատակն էր խթանել Արևելյան գործընկերության երկրների համագործակցությունը և աջակցել դրանց ջանքերին՝ ուղղված անօրինական փայտահատումների կանխարգելմանը, անտառների կառավարման համակարգերի բարելավմանը, ինչպես նաև կայուն անտառտնտեսության զարգացմանը՝ համաձայն Եվրամիության անտառազրկումների կանոնակարգի (EUDR) պահանջների։
Միջոցառումը ծառայեց որպես երկխոսության և փորձի փոխանակման հարթակ՝ ԱԳ երկրների, ԵՄ հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև՝ քննարկելու քաղաքական, իրավական և տեխնիկական մոտեցումներ՝ ուղղված անտառների կառավարման համակարգերի կատարելագործմանը և միջազգային պահանջներին համապատասխանեցմանը։
Աշխատաժողովին մասնակցեցին Արևելյան գործընկերության երկրների համապատասխան նախարարությունների, անտառային գործակալությունների,  ակադեմիական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Եվրամիության և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։