Գործադիրն այսօրվա նիստում հավանության է արժանացել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կայուն կենսազանգված 2023 թվականին՝ 600 տոննա, 2024 թվականին՝ 679 տոննա, 2025 թվականին՝ 1123 տոննա:
Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավել)։
Սևան լճում սիգի կայուն արդյունագործական որսի ապահովման համար կարևոր պայմաններից է բնական վերարտադրության ապահովումը: Ինպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը սիգի բնական վերարտադրության ապահովման դեպքում պահպանվում է կայուն արդյունագործական չափաքանակ։
Այդ նպատակով յուրաքանչյուր տարի նոյեմբերի վերջից մինչև հաջորդ տարվա փետրվար իրականացվում է համալիր խստացված միջոցառումների ծրագիր սիգի որսի արգելքի ժամանակ ապօրինի որսը բացառելու նպատակով։
Միջազգային շուկայում բարձր արժեք ունեցող սիգի ձկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, ինչպես նաև մարդածին մեծ բացասական ազդեցության ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքի հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը ապահովելու անհրաժեշտությունից ելնելով սույն իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք:
