Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ հանդիպում։
Հանդիպմանը մասնակցել են գործընթացում ներգրավված յոթ պետական գերատեսչությունների՝ Շրջակա միջավայրի նախարարության, Էկոպարեկային ծառայության, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ներքին գործերի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։
Վերահսկողության միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են արդեն իսկ իրականացված աշխատանքները և քննարկել որսի արգելքի միջոցառումների հերթական փուլերը։
«Շրջակա միջավայրի ոլորտում ցանկացած տիպի վերահսկողության հիմքում նախևառաջ Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավումն է, և մեզնից յուրաքանչյուրն արգելիք այս միջոցառումներին պետք է մոտենա այդ գիտակցումով։ Շրջակա միջավայրի նախարարությունը շնորհակալ է այն քաղաքացիներին, ովքեր արգելքի առաջին իսկ օրերից դրսևորել են իրավագիտակից վարքագիծ և ինքնակամ լճից հեռացրել որսագործիքներն ու լողամիջոցները,-նշել է նախարարի տեղակալը։
Արա Մկրտչյանն անդրադարձել է լճին հարակից բնակավայրերում իրականացված բացատրական-իրազեկման աշխատանքներին և առանձնահատուկ շեշտել, որ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները արգելքի միջոցառումների ամբողջ ընթացքում պետք է քաղաքացիների նկատմամբ դրսևորեն հարգալից վերաբերմունք, բայց և թույլ չտան օրենքների կիրարկման և բնության նկատմամբ անհարգալից վերաբերմունք։
«Հաշվի առնելով նախորդ տարվա փորձը, այս տարի պետք է շտկենք բոլոր բացթողումները և առավել համակարգված իրականացնենք միջոցառման բոլոր կետերը։ Յուրաքանչյուր գերատեսչություն պետք է հստակ իրականացնի իրեն վերապահված գործառույթները»,-հանդիպումը եզրափակել է նախարարի տեղակալը։
Հիշեցնենք՝
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։
Սևանա լճում սիգի որսը կթույլատրվի ՄԻԱՅՆ 2025 թվականի համար նախատեսված արդյունագործական որսի չափաքանակների որոշումից և նոր պայմանագրերի կնքումից հետո։