ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.02.2026
Կառավարությունը սահմանեց Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետները 2026 թվականի համար

Այսօրվա Կառավարության նիստում գործադիրը հաստատեց «2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին» որոշման նախագիծը։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը գործադիրի քննարկմանը ներկայացրեց  որոշման նախագիծը։
Սույն որոշումով 2026 թվականի համար նախատեսվում է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի համար սահմանել 550 տոննա չափաքանակ, որսի իրականացման ժամկետը սահմանել սույն թվականի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը։
Այս իրավական ակտի մշակման համար հիմք է հանդիսացել ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից 2025 թվականին Սևանա լճում իրականացված հետազոտությունների արդյունքում ներկայացված հաշվետվությունը, որտեղ 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական պաշարը կազմել է 1373.9 տոննա։
Գիտական կենտրոնը 2026 թվականի ամռանն կիրականացնի ուսումնասիրությունների երկրորդ փուլը, որի հիման վրա կսահմանվի հավելյալ չափաքանակ աշնանային որսաշրջանի համար։
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։