ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի իրականցված դիտարկումների համաձայն՝ այս տարվա հուլիս ամսին դիտված տեղումների քանակն ավելի քան 190%-ով գերազանցեց տվյալ ամսվա նորման։
Հուլիսին դիտված տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 84.4մմ, որն իր մեծությամբ յոթերորդն է սկսած 1935 թվականից և ամենաշատն է 1965 թվականի հուլիսից հետո։
Անձրևներ դիտվեցին ամսվա բոլոր տասնօրյակներին։
Տեղումների քանակը համեմատաբար սակավ էր հուլիսի երկրորդ տասնօրյակում, իսկ երրորդ տասնօրյակը ամենատեղումնառատն էր։
Օդի ջերմաստիճանը հուլիսին նորմայի սահմաններում էր, փոքր-ինչ դրական շեղումներով։ Տեղումների ամսական քանակը ավել էր նորմայից Հանրապետության տարածքի մեծ մասում, իսկ Արարատյան դաշտում, Տավուշում և Գեղարքունիքում տեղումների ամսական քանակը տեղ-տեղ գերազանցեց նորման 2-3 անգամ։ Առանձին օրեր հորդառատ անձրևներ դիտվեցին Տավուշի, Լոռվա և Կոտայքի մարզերում, երբ մի քանի ժամվա ընթացքում դիտվեց 30-44մմ անձրև։
Չնայած այս տարվա տեղումնառատ հուլիսին, բազմամյա տարիների (1935-2024 թթ.) տեղումների քանակի վերլուծությունը ցույց է տալիս, որ տեղումները նվազում են Հայաստանում ամռան սեզոնին՝ այդ թվում հուլիսին։