Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի (WB) գրասենյակի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով գործընկերներին նախարարը շնորհակալություն է հայտնել համաշխարհային բանկին՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի բարեփոխումներին աջակցության և դրա զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի համար։
Իր հերթին պարոն Վահբան արդյունավետ և արդյունքահեն է գնահատել կողմերի համագործակցությունը և շնորհակալություն հայտնել նախարարին իրականացվող ծրագրերի շրջանակում սերտ համագործակցության համար։
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են հարցերի լայն շրջանակի։
Մասնավորապես քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև «RESILAND: Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի նախագիծը։
Դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին Կառավարության որոշման նախագիծը 2024 թվականի մայիսի 2-ի Կառավարության նիստին հավանության է արժանացել:
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «RESILAND: Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը թիրախավորում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից որդեգրած մի շարք հանձնառությունների և քաղաքականությունների իրականացումը, մասնավորապես, կենսաբազմազանության պահպանության, լքված և տիրազուրկ հանքավայրերի ռեկուլտիվացիայի, անտառվերականգնման և համապատասխան օրենսդրական դաշտի կարգավորման համատեքստում։
Համաձայնագրով նախատեսված միջոցառումները բխում են Կառավարության ծրագրի մի շարք առաջնահերթություններից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև վտանգավոր նյութերի և թափոնների ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող հարցեր, կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումներն այս ուղղությամբ ևս ակտիվ համագործակցելու նպատակով։