ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.11.2025
ՀՀ ջրային օրենսգրքում և «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները քննարկման է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը

ՀՀ ջրային օրենսգրքում և «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները  Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 4-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ  քննարկման է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:
Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկ ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Առաջարկվում է փոփոխություն կատարել, որով տնտեսավարողը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) դրական եզրակացություն ունենա եւ չբախվի ջրօգտագործման թույլտվությունը մերժելու խնդրին: Համատեղ քննարկումների արդյունքում այդ լրամշակումները կատարվել են: Ըստ այդմ՝ տնտեսավարողը կդիմի լիազոր մարմնին,  կստանա համապատասխան ժամկետով ջրօգտագործման թույլտվություն, այն կկասեցվի նույն պահին այնքան ժամանակ մինչեւ տնտեսավարողը լիազոր մարմնին կներկայացնի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության դրական եզրակացությունը (ոչ ուշ, քան մեկ տարի ժամկետով): Մեկ տարի անցնելուց հետո, եթե չներկայացվի փորձաքննության դրական եզրակացությունը, ապա տրված ջրօգտագործման թույլտվությունը կհամարվի առոչինչ:
Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հիմնավորման՝ տնտեսավարողը մինչեւ ՇՄԱԳ փորձաքննություն անցնելը հնարավորություն կունենա նախագծային աշխատանքներ կատարելու համար դիմել եւ ստանալ ջրօգտագործման ժամանակավոր թույլտվություն (տեղեկանք) տվյալ տեղանքում օգտագործման ենթակա ջրի քանակի վերաբերյալ: Եվ միայն ՇՄԱԳ փորձաքննության ավարտից հետո այդ թույլտվությունն օրինական ուժ կստանա:
Սա կբացառի այն դեպքերը, երբ տնտեսավարողն անցնի ՇՄԱԳ փորձաքննությունը` ծախսելով ռեսուրսներ եւ ժամանակ, որից հետո պարզվի, որ այդ աշխատանքն անիմաստ էր, քանի որ օգտագործվող ջրի հնարավոր քանակը բավարար չէ նախագծի իրականացման համար:
Պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով փոփոխությունները նպաստում են համակարգի ճկունությանը եւ տնտեսավարողների համար հասկանալի կանոնների սահմանմանը:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաև  «Թափոնների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է, որ կկանխվի թափոնների ապօրինի հեռացման վայրերի շահագործումը, իսկ հեռացման վայրերը տնօրինողները, այդ թվում՝ համայնքի ղեկավարները, առավել հետեւողական կլինեն թափոնների հեռացման վայրերի պատշաճ շահագործման հարցում:
Նախարարի տեղակալը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին:
Օրենքների նախագծերը ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը: