ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.11.2024
Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները և ոլորտի համապարփակ ռազմավարության մշակման առաջարկվող հայեցակարգային մոտեցումները

Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները և ոլորտի համապարփակ ռազմավարության մշակման առաջարկվող հայեցակարգային մոտեցումները:
Երկօրյա աշխատաժողովի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի փորձագետները ներկայացրել և շահակիր պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ջրային ոլորտի ռազմավարության մշակման առաջարկվող հայեցակարգային մոտեցումներն ու ռազմավարության հակիրճ բովանդակությունը։
Աշխատաժողովի նպատակն էր օժանդակել Հայաստանի ջրային ոլորտի ռազմավարության մշակման ներկայումս ընթացող գործընթացին` վեր հանելով, վերլուծելով և քննարկելով ջրային ռեսուրսների և դրանց կառավարման առումով ոլորտում առկա մարտահրավերներին ու հիմնախնդիրները։
Խոսելով ծրագրի մասին, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդգծել է ջրային ոլորտի կայուն կառավարման և ջրային ռեսուրսների պահպանության համար ոլորտի համապարփակ ռազմավարության կարևորությունը՝ միևնույն ժամանակ անհրաժեշտ համարելով առկա հիմնախնդիրների գույքագրումն ու դրանց հասցեագրման համար տարբեր գերատեսչությունների միջև համահունչ և փոխլրացնող աշխատանքի կազմակերպումը։ 
Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության նախարարությունների, Ազգային Ժողովի, Վիճակագրության կոմիտեի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչներ։