ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.10.2025
Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան ԵՄ-ի աջակցությամբ հզորացնում են ջրերի կառավարումը

Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կառավարությունների ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ Քիշնևում տեղի է ունենեցել աշխատաժողով՝ նվիրված ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվի իրականացման համակարգման ազգային հարթակների ստեղծմանը։ ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվը ԵՄ-ում ջրային ոլորտի քաղաքականության անկյունաքարային փաստաթղթերից է։ Այն սահմանում է ջրային ռեսուրսների պահպանության և որակի ու քանակի հարցերի կարգավորման շրջանակը։
«ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի շրջանակներում կազմակերպված աշխատաժողովին մասնակցել  են Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի՝ ջրերի մոնիթորինգի և կառավարման համար պատասխանատու ներկայացուցիչները, ինչպես նաև ներկայացուցիչներ Մոլդովայում ԵՄ պատվիրակությունից, Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունից, Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակից և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման գործակալությունից։ Հայաստանից աշխատաժողովին մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության և «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի ներկայացուցիները։
ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվի իրականացման համակարգման ազգային հարթակները նպատակ ունեն բարելավել ջրային ոլորտի տվյալներ արտադրող և քաղաքականություն իրականացնող հաստատությունների միջև համագործակցությունը, ինչը հնարավորություն կտա Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում ջրերի մոնիթորիգը և կառավարումը մոտարկել ԵՄ ստանդարտների հետ։
Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում մեկնարկող համակարգման հարթակները կհետևեն նույն սկզբունքներին՝ հաշվի առնելով նաև յուրաքանչյուր երկրում առկա ինստիտուցիոնալ շրջանակը և կարիքները։ Ակնկալվում է, որ հարթակներում կներգրավվեն նախարարությունների, հիդրոօդերևութաբանական ծառայությունների, գետավազանային կառավարման մարմինների և գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ համակարգելու տվյալների հավաքագրումը, վերլուծությունը և հաշվետվողականությունը՝ համաձայն ԵՄ մոտեցումների և սկզբունքների։