Ս.թ. հուլիսի 12-ին «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը կազմակերպել էր Հայաստանի ջրային անվտանգության ոլորտում ներդրումային միջավայրի բարենպաստության գնահատման աշխատաժողով:
Ներկայացվեցին գնահատման նախնական արդյունքները և կազմակերպվեց քննարկում ջրային ոլորտում ներդրումային միջավայրի խոչընդոտների հաղթահարման տարբերակների, ինչպես նաև բարելավման հնարավորությունների վերաբերյալ:
Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ով կարևորեց իրականացվող ուսումնասիրությունը` հաշվի առնելով, որ Հայաստանում ջրային ծառայությունների բարելավման հիմնական խոչընդոտներից է ֆինանսաների անբավարարությունը կամ ֆինանսների մոբիլիզացիայի անբավարար մակարդակը:
Կազմակերպված քննարկումների արդյունքում վեր հանվեցին հիմնական գերակայությունները, որոնց վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացվող թիմը կներկայացնի խոչընդոտների հաղթահարման առաջարկություններ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ուսումնասիրության արդյունքները շահագրգիռ կողմերի քննարկմանը և կարծիքին ներկայացնել ս.թ. սեպտեմբեր ամսին: