Յուրաքանչյուր տարի մարտի 22-ին աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Ջրային պաշարների համաշխարհային օր կամ Ջրի համաշխարհային օր: Ջրային ռեսուրսների համաշխարհային օր անցկացնելու գաղափարն առաջին անգամ հնչել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի պահպանության ու զարգացման համաժողովում, որը տեղի է ունեցել 1992 թվականի հունիսին Ռիո դե Ժանեյրոյում, իսկ 1993 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ մարտի 22-ը հռչակվել է Ջրի համաշխարհային օր, և առաջարկվել է այդ օրն անցկացնել միջոցառումներ՝ նվիրված ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանմանը, և յուրաքանչյուր տարի միջոցառումը նվիրել որևէ կոնկրետ թեմայի:
2022 թվականից այս օրը Հայաստանում նշվում է նաև որպես Ջրաբանի մասնագիտական օր:
Օրը հիանալի հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծել ջրի նշանակությունն ու կարևորությունը մեր կյանքում, մեր առողջության և մեր մոլորակի բարեկեցության համար, ուշադրություն հրավիրել ջրային ռեսուրսների կայուն կառավարման հետ կապված մարտահրավերներին:
Օրվա խորհրդի համատեքստում նախարարությունը Եվրոպական միության աջակցությամբ կազմակերպել էր Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում և «Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության արդի լուծումներ» թեմայով էքսպո-ցուցահանդես, որին մասնակցել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը,
Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից և հասարակական ոլորտից։
Ողջույնի խոսքով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարարը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը։
Նախարարը նախ շնորհավորել է գործընկերներին և միջոցառման մասնակիցներին Ջրի համաշխարհային և Ջրաբանի օրվա առթիվ, ապա անդրադարձել նախարարության կողմից ոլորտը կարգավորող օրենսդրական և կառավարչական բարեփոխումներին։
Ելույթներին հաջորդել են նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցչի զեկույցները, որոնք ներկայացրել են՝
- Ջրային օրենսդրության և ջրային ռեսուրսների կառավարման համակարգի բարեփոխումները,
- Կլիմայի փոփոխության ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա,
- Ջրային ռեսուրսների որակի բարելավման վերաբերյալ առկա օրենսդրական դաշտը,
- Ջրային ռեսուրսների խնայողության և կառավարման մեխանիզմները,
- Տեսչական ոլորտում իրականացված վերահսկողական աշխատանքները և արձանագրված արդյունքները։
Կատարած բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալագրեր և հուշանվերներ են շնորհվել նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին, Ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանին, ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանին և նախարարության ջրային ոլորտի մասնագիտական ստորաբաժանումների մի շարք աշխատակիցների։
Միջոցառման երկրորդ հատվածում ամփոփվել են «Շրջակա միջավայրի և առողջություն» ՀԿ-ի հետ համատեղ, «Հայաստանում հաղորդակցման և իրազեկման բարձրացում» գործողությունների շրջանակներում «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի ներքո, Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ կազմակերպված «Ջրային ռեսուրսների պահպանումը և կառավարումը երիտասարդների աչքերով» մրցույթը, լավագույն տարբերանշան և ինֆոգրաֆիկա պատրաստած աշակերտները խրախուսվել են պատվոգրերով և հուշանվերներով։ Հաղթող աշակերտների ներկայացրած դպրոցներին նվիրվել է Հայաստանի կենդանական և բուսական աշխարհի «Կարմիր գիրք», ինչպես նաև աշակերտները հնարավորություն են ստացել իրենց հուզող հարցերն ուղղել Շրջակա միջավայրի նախարարին։
Միջոցառումը եզրափակվել է «Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության արդի լուծումներ» թեմայով էքսպո-ցուցահանդեսով, որի ընթացքում ներկայացվել են ջրախնայող տեխնոլոգիաներ, ջրի մոնիթորինգի գործիքներ, ինչպես նաև ոլորտի գիտական/ակադեմիական նորարար լուծումներ։