ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.09.2025
Քննարկվել է ««Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ներկայացրել է  թափոնների կառավարման ոլորտում առկա խնդիրների լուծման, թափոնների կառավարման համակարգի կատարելագործման, օրենսդրական բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու նպատակով օրենսդրական փոփոխությունների իրականացման գործընթաց: 
Նախարարի տեղակալի ներկայացմամբ նախաձեռնվել են մի շարք փոփոխություններ, որոնք թափոնների կառավարման համակարգը կդարձնեն առավել ճկուն եւ արդյունավետ: Մասնավորապես, օրենքը կլրացվի վտանգավոր թափոնների համար «պոլիգոն», «թափոնների սեփականատեր», «թափոնների կուտակում» հասկացություններով, կամրագրվեն թափոնների արդյունավետ կառավարման սկզբունքները:
Օրենսդրական նախաձեռնությամբ կամրագրվեն վտանգավոր թափոնների գործածության, գործունեության լիցենզավորման պահանջները եւ գործընթացի հիմնական կարգավորումները, կհստակեցվեն Կառավարության եւ լիազոր մարմնի իրավասությունները: Առաջարկվող լրացումներով կամրագրվեն ոլորտը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար իրավական հիմքերը, թափոնների հաշվառման կարգի եւ գործածության կանոնների ու պահանջների սահմանումները, կհստակեցվեն վտանգավոր թափոնների անձնագրավորման, հաշվառման, վիճակագրական հաշվետվությունների ներկայացման գործընթացները:
Նշել է, որ նախագծերի ընդունմամբ ակնկալվում է, որ կկանխվի ապօրինի աղբավայրերի շահագործումը, իսկ աղբավայրերը տնօրինողներն առավել հետեւողական կլինեն աղբավայրերի պատշաճ շահագործման հարցում:
Արա Մկրտչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող կարգավորումների եւ խստացումների վերաբերյալ:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: