ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.08.2024
ՎԵԳԱ խանութների ցանցում մեկնարկել է մարտկոցների և կուտակիչների հավաքագրում

Լավ լուրերի շարքից. Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության շրջանակում ՎԵԳԱ  խանութների ցանցում մեկնարկել է մարտկոցների և կուտակիչների հավաքագրում:
Նպատակ ունենալով նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանն ու վերականգնմանն ուղղված համապատասխան ծրագրերի և միջոցառումների իրականացմանը և ցանկանալով նվազեցնել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա վտանգավոր թափոնների բացասական ներգործությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը և «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կնքել են համագործակցության հուշագիր։ 
Հուշագրի շրջանակում «Վեգա» ընկերությունը, որը Հայաստանի Հանրապետությունում միակ  ընկերությունն է, որն ունի էլեկտրատեխնիկան վտանգավոր թափոնների հավաքման, պահպանման և վերամշակման լիցենզիա, իր խանութների ցանցում մեկնարկել է մարտկոցների և կուտակիչների հավաքագրում։
Շուտով հավաքագրման արկղերի տեղակայման տարածքների թիվը կընդլայնվի։ Արկղերը նախատեսված են հատուկ մարտկոցների հավաքագրման համար՝ պատրաստված  օրգանական ապակիով, լամինատե տակդիրով։
Արկղերում ԿԱՐԵԼԻ Է հավաքել՝
- Ալկալիական (Alcaline), աղային և լիթիումային մարտկոցներ՝ ցանկացած form factor. АА, ААА, 9V և այլն
- Հաբ-մարտկոցներ. լիթիումային (Lithium, CR), ալկալիական (LR), արծաթային (Ag), արծաթ-ցինկային (SR), օդացինկային (PR), սնդիկ-ցինկային (MR)
- Լիթիում-իոնային մարտկոցներ (Li-Ion, Li-Pol, Ni-MH, Ni-Cd, Ni-Zn և այլն) շարժական սարքերից՝ բջջային հեռախոսներ, դյուրակիր համակարգիչներ, միանգամյա օգտագործման ծխախոտ և այլն
- Էլեկտրական գործիքների մարտկոցներ (Li-Ion և այլն)՝ պտուտակահանների, պերֆորատորների կամ այլ գործիքների
ՉԻ ԿԱՐԵԼԻ
- Թթվակապարային կուտակիչներ՝ ավտոմոբիլային, մոտոցիկլետային, ԱՍԱ (UPS) կուտակիչներ
- Ամբողջական էլեկտրոնային ծխախոտեր
- Կուտակիչ պարունակող ամբողջական սարքեր
Vega ընկերությունը տեսակավորելու է և պահպանելու է մարտկոցները հատուկ լիցենզավորված տարածքում: 
Հաջորդ փուլում՝ վերամշակման համար բավարար քանակի հավաքագրման դեպքում մեկնարկելու է վերամշակման համար անհրաժեշտ սարքերի ձեռքբերման գործընթացը։
Տեղեկացնենք, որ ողջ գործընթացը գտնվելու է Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական վերահսկողության ներքո։