ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.11.2024
Կայացել է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի կողմերի պաշտոնյաների կարողությունների զարգացման աշխատաժողովը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում հոկտեմբերի 16-29-ը  կայացել է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (ՍԻԹԵՍ) կողմերի պաշտոնյաների կարողությունների զարգացման աշխատաժողով:
Աշխատաժողովին մասնակցել են «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի ազգային համակարգող, շրջակա միջավայր նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության գլխավոր մասնագետ Տաթևիկ Կիրակոսյանը և միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետ Կարեն Հովհաննիսյանը։
Աշխատաժողովում քննարկվել են ՍԻԹԵՍ կոնվենցիայի ընդհանուր դրույթները,  վայրի բնության արտահանման և ներմուծման, առևտրի և պահպանության վերաբերյալ հարցերը։
Ճանաչողական այցեր են կազմակերպվել «Xiazhu» ազգային ջրաճահճային պարկ՝ գագաթավոր իբիսների բուծարան, «Anhui» արգելոց, «Huizou» ազգային անտառպարկ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթացել են վայրի բնության պահպանության և ՍԻԹԵՍ կոնվենցիայի իրականացման ոլորտում չինական առաջադեմ փորձին։
Կոնվենցիայի համակարգող Տաթևիկ Կիրակոսյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել աշխատաժողովի կազմակերպիչներին՝ կարևորելով զարգացող երկրների միջև փորձի փոխանակման և համագործակցության հնարավորությունները. «Կենսաբազմազանության խնդիրները, պահպանությունը, վայրի բնության առևտուրը սահմաններ չեն ճանաչում և պահանջում են համատեղ ջանքեր հաջողության հասնելու համար»,-նշել է նա։