ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.01.2023
Հայաստանը ստորագրել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիրը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ստորագրել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիրը։ 
Հայաստանն աշխարհում երեսունութերրորդ, իսկ Կովկասում առաջին երկիրն է, որն ստորագրում է այս հռչակագիրը։ Դրանով իսկ՝ Հայաստանը պարտավորվում է կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններում ապահովել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը:
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ողջունելով հռչակագրի ստորագրումը, նշել է.
«Այսօր կլիմայական փոփոխությունները ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար դարձել են առաջնային, և երեխաններն ու երիտասարդները, ըստ էության, կլիմայական փոփոխությունների  ամենախոցելի թիրախում են գտնվում: ՅՈւՆԻՍԵՖ–ի հետ այս հռչակագիրն էական փոփոխությունների հիմք կլինի ոլորտի մասին գիտելիքների, տեղեկատվության ստացման համար։ Այսօրվա մեր կատարած աշխատանքն ապագա սերնդին ավելի շատ իրազեկվածություն և ներառություն կապահովի։ Երիտասարդներն էլ հաճախ կլիմայական փոփոխությունների մասով իրենց լուծումներն են առաջարկում»։
Նախարարը շեշտել է, որ այս ծրագիրը շատ  կարևոր գործընթաց է, և նախարարության ռազմավարության մշակման շրջանակում ՅՈւՆԻՍԵՖ–ի հետ աշխատանքը կարող է օգնել երեխաների և երիտասարդների մասով ճշգրիտ լուծումներ գտնելուն։
Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նորա Ալանակյանը ևս ողջունել է հռչակագրի ստորագրումը՝ նշելով, որ այս փաստաթուղթը ցույց է տալիս Հայաստանի հանձնառությունը՝ ճանաչելու և հաշվի առնելու երեխաների և երիտասարդների կարիքներն ու իրավունքները, ինչպես նաև նրանց տեսլականը, երբ խոսքը վերաբերում է բոլոր մակարդակներում կլիմայի փոփոխությանն ուղղված քաղաքականությանը:
«Կլիմայի փոփոխության պատճառով բարձրացել է օդի միջին ջերմաստիճանը, և այն շարունակելու է բարձրանալ՝ հանգեցնելով ավելի կտրուկ եղանակային երևույթների, բերքի չորացման և նվազման ավելի հաճախակի դեպքերի և սակավաջրության ավելացման: Երեխաներն այս սպառնալիքների կենտրոնում են: Վերջին տարիներին ականատես ենք եղել, թե ինչպես են երեխաները և երիտասարդները միավորվել գործողություններ իրականացնելու կոչերով։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը գոհունակությամբ աջակցել է Հայաստանից երկու երիտասարդների մասնակցությանը COP 27-ին՝ միանալու այդ ջանքերին: Իսկ այսօր շատ ուրախ եմ տեսնել, որ ՀՀ կառավարությունը անսացել է նրանց ձայնը և արձագանքել»,- նշել է  Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
Հռչակագրի նպատակներից մեկն է՝ ընդլայնել երեխաների և երիտասարդների մասնակցությունը կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականությանն ուղղված գործընթացներում՝ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի վերաբերյալ ավելի շատ կրթելու, ինչպես նաև անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ձեռքբերման միջոցով իրենց պաշտպանելու, անվտանգ կյանքին և կայուն ապագային նպաստելու համար:
Ստորագրման արարողությանը ներկա էին Հայաստանից COP 27-ին մասնակցած երկու երիտասարդ պատվիրակներ՝ Նարեկ Օհանյանը և Երազիկ Հովեյանը, ով նաև ներկայացել էր որպես կլիմայի հարցերով բարձր մակարդակի երիտասարդական չեմպիոն Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից: 
«Կլիմայական ճգնաժամը երեխայի իրավունքների ճգնաժամ է, ջրի անապահովությունը ևս երեխայի իրավունքների ճգնաժամ է: Գաղտնիք չէ, որ մոլորակի վրա մարդու գործողությունները հանգեցրել են մեր այսօրվա իրականությանը: Հետևաբար՝ լուծումը նույնպես պետք է սկսվի մեզնից յուրաքանչյուրից: Եկե՛ք փոխենք ինքներս մեզ, այլ ոչ թե կլիման: Այնուամենայնիվ, դա անելու համար մենք պետք է ապահովենք կլիմայի փոփոխության վերաբերյալ համապարփակ և համընդհանուր կրթություն, ինչպես նաև կլիմայական գրագիտություն բոլորի համար՝ համապատասխան ֆինանսավորմամբ: Կառավարությանն ուղղված մեր կոչն է՝ անել հնարավորը բոլոր տարիքային խմբերի մարդկանց գիտելիքներ, հմտություններ, արժեքներ և համապատասխան վերաբերմունք սերմանելու՝ կլիմայի փոփոխության հետևանքով սպառնալիքներին դիմակայելու համար»,- նշել են Նարեկն ու Երազիկը։
Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցելու է Շրջակա միջավայրի նախարարության և այլ գործընկերների հետ՝ շարունակելու դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը կլիմայի փոփոխության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ, բարելավելու դպրոցական ծրագրերը և մշակելու ուսումնական նյութեր, որոնք արդյունավետորեն կներգրավեն աշակերտներին՝ կլիմայի փոփոխությունը մեղմելու համար: Այս ամենը՝ տեղական իշխանությունների և ընդհանուր առմամբ համայնքի հետ համագործակցությամբ: