ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.04.2024
Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին և Աղետների ռիսկերի կառավարման և կլիմայի փոփոխության ծրագրի ղեկավար Վիգեն Շիրվանյանին

Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին և Աղետների ռիսկերի կառավարման և կլիմայի փոփոխության ծրագրի ղեկավար Վիգեն Շիրվանյանին:
Նախարար Հակոբ Սիմիդյանը ողջունել է  գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում բարձր գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կատարած աշխատանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցում է ՀՀ կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է Հայաստանում աղետների և կլիմայի փոփոխության նկատմամբ երեխաների դիմակայունությունն ամրապնդելու ուղղությամբ՝ հաշվի առնելով գիտական ապացույցները առ այն, որ կլիմայի փոփոխության կործանարար հետևանքների պատճառով առաջիկա տարիներին ավելանալու են բնական վտանգավոր երևույթների հաճախականությունն ու ծավալները։ 
Նախարարն ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող՝ երեխաների և դեռահասների շրջանում կլիմայի փոփոխության դիմակայությանն ուղղված ծրագրերի կարևորությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխաներն ու դեռահասներն առավել խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ։
2023 թվականին Հայաստանի Հանրապետությունն՝ ի դեմս ոլորտն համակարգող գերատեսչության  ստորագրել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիրը։
Հայաստանն աշխարհում երեսունութերորդ, իսկ Կովկասում առաջին երկիրն է, որն ստորագրել է այս հռչակագիրը։ Դրանով իսկ՝ Հայաստանը պարտավորվել է կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններում ապահովել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» օրենքի նախագիծը։ Նախարարը տեղեկացրել է, որ օրենքը գտնվում է լրամշակման փուլում։
Որպես COP 28-ին հաջորդող քայլեր ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստակամ է աջակցել օրենսդրական դաշտի (օրենքներ, ռազմավարություններ, Հարմարվողականության ազգային ծրագիր և այլն) փոփոխությունների հարցում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև նախանշվել են հետագա անելիքները։