ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.12.2023
Նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) COP15 նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիի ղեկավարած պատվիրակության հետ

COP 28-ի շրջանակում նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) COP15 նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիի ղեկավարած պատվիրակության հետ:
Հայաստանի Հանրապետությունը «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիան ստորագրել է 1994 թվականին և վավերացրել ՝ 1997 թվականին։ 
Ողջունելով գործընկերներին, նախարարը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է կոնվենցիայի սկզբունքներին և որ կառավորությունն իր կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում կարևորում է հողերի դեգրադացիայի չեզոքացմանն ուղղված աշխատանքները՝ սահմանված պարտավորությունները կատարելուն ուղղված համահունչ ծրագրեր  մշակելով։
Նախարարը շեշտել է, որ բարձր է գնահատում կոնվենցիայի քարտուղարության և միջազգային գործընկերների հետ հարաբերությունները՝ միտված միասնական ջանքերով հողերի դեգրադացիայի կանխման խնդրին։
Հայաստանը սահմանել է հողերի չեզոք դեգրադացիայի (ՀՉԴ-LDN) հասնելու թիրախ՝ մինչև 2040 թվականը 2000-2010 թվականներին կորցրած ածխածնի պաշարները վերականգնել և ներկայիս համեմատ ավելացնել 2,8%-ով:
Հանդիպման ընթացքում գործընկերները ամփոփել են սույն թվականի մարտ ամսին Երևանում կայացած Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG on drought) երկրորդ նիստը և տարածաշրջանային կարողությունների զարգացման աշխատաժողովը և դրա արդյունքները։
Նախարարը գործընկերներին է ներկայացրել կլիմայական օրակարգում անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ձեռնարկած քայլերը՝ անդրադառնալով անտառտնկման և անտառային տարածքների ավելացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բնական ռեսուրսների խելամիտ օգտագործման հարցերին։
Առանձին անդրադարձ է կատարվել անտառվերականգնման ծրագրերին։
Նախարարը շեշտել է, որ բոլոր ծրագրերի կյանքի կոչման ճանապարհին Շրջակա միջավայրի նախարարությունը  բարձր է գնահատում միջազգային գործընկերների հետ միասնական շրջանակների ամրապնդումը՝ առաջնային համարելով  փորձի փոխանակումը և կարողությունների զարգացման հնարավորությունները։