ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.05.2022
Ամփոփվել են մայիսի 7-ի համապետական ծառատունկի նախապատրաստական աշխատանքները

Մայիսի 7-ին կայանալիք Համապետական ծառատունկին ընդառաջ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ տեղի է ունեցել կատարված աշխատանքների ամփոփում-քննարկում։
Նախարարության անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարները նախարարին են ներկայացրել ծառատունկի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Նախարարին են ներկայացվել  ծառատունկի իրականացման համար նախատեսված տարածքների, մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխման վերաբերյալ մի շարք հարցեր։
Քննարկվել են նաև տնկված ծառերի հետագա խնամքին վերաբերող հարցեր։
Նախարարը խնդրել է գործընկերներին առավելագույն հետևողականություն ցուցաբերել և ապահովել ծառատունկի պատշաճ կազմակերպումը։ 
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ, որի ընթացքում Լոռու («Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ),Արագածոտնի («Արագածոտնի անտառտնտեսություն») և Սյունիքի («Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղ) մարզերում կտնկվի շուրջ 15 հա անտառ։
Ծառատունկ կիրականացվի նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում։