ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.11.2021
«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում կտնկվի ևս 250,000 ծառ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Երևանի անտառպետության և  «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում  մասնակցել է «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված աշնանային համապետական ծառատունկին։ 
Շրջակա միջավայրի նախարարության կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցները  Երևանի անտառպետության տարածքում տնկել են մոտ 1000 տնկի, հիմնականում հացենի։ 
Ծառատունկի այս փուլում կտնկվի 250.000 տնկի:
Վերլուծելով գարնանային ծառատունկի արդյունքներն, այս անգամ ընտրվել է  հիմնականում փակ արմատային համակարգով տնկանյութ, որն ունի 80-90% կպչողունակություն։
Համապետական ծառատունկին մասնակցության հայտ էին ներկայացրել մի շարք կազմակերպություններ, և այսօր հարյուրավոր քաղաքացիներ իրենց մասնակցությունն են բերել ծառատունկին։Վստահ կարող ենք ասել, որ մոտենում ենք «10 մլն ծառ» նախաձեռնության առաջին 1 միլիոնին։
Համազգային այս նախաձեռնությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը ցանկություն ունի ներազդել հասարակության վարքին և ամեն հաջորդ անգամ ընդգրկել Հայաստանի կանաչ ապագայով մտահոգ քաղաքացիների մասնակցության ավելի լայն շրջանակ։
Նախաձեռնության շրջանակում Ագրարայինցիները նույնպես իրենց ներդրումն ունեցան համապետական ծառատունկին 
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի Էկոլոգիական ակումբի նախաձեռնությամբ Ագրարայինի ուսանողները «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում մասնակցել են աշնանային համապետական ծառատունկին։ 
Նախաձեռնության մասնակից ուսանողները պատրաստակամորեն կատարեցին Հայաստանի կանաչ ապագան ապահովող ծառատունկի իրենց մասնաբաժինը։
«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում իրականացվող համապետական ծառատունկին  «Խոսրովի  անտառ» պետական արգելոց»  ՊՈԱԿ-ի վարչական  շենքի  տարածքում  ևս կազմակերպվել է ծառատունկ: