ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.06.2023
Անցկացվել է TAIEX փորձագիտական առաքելություն օդի որակի և արդյունաբերական աղտոտման և արդյունաբերական վտանգների վերաբերյալ

Հունիսի 19-ից 22-ը Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց TAIEX փորձագիտական առաքելություն օդի որակի և արդյունաբերական աղտոտման և արդյունաբերական վտանգների վերաբերյալ։
Փորձագիտական առաքելության նպատակն էր 2008/50/ԵՄ և 2010/75/ԵՄ հրահանգների հիմնական դրույթների և «Եվրամիության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի» (CEPA) բաժնի «Արդյունաբերական աղտոտումը և արդյունաբերական վտանգները» կենտրոնում ներառված գործողությունների հիման վրա Հայաստանի ազգային իրավական դաշտը մշակելու և/կամ կատարելագործելու համար առաջարկություններ ստանալը։
Գործողությունների ծրագրի մշակումը հիմք կհանդիսանա Թվինինգ ծրագրի մշակման և հետագա իրականացման համար։
Աշխատաժողովը նախագահել է Շրջակա միջավայրի նախարարության Մթնոլորտային քաղաքականության  վարչության պետ Գագիկ Մանուչարյանը։ 
Փորձագետները քննարկել են օդի որակի գնահատում-որակի վերահսկման ցանցի նախագծման, գնահատման գործիքակազմի, ենթակառուցվածքների և ընթացակարգերի, արտանետումների գնահատման, մոնիթորիգի և ոլորտի օրենսդրական դաշտի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, իրականացրել են փորձի փոխանակում։
Առաքելության շրջանակում փորձագետներն այցելել են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիա, որտեղ  ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը հյուրերին ներկայացրել է օդի որակի մոնիթորինգի գործընթացը ՀՀ-ում, օդի աղտոտվածության վիճակը, առկա խնդիրները և մարտահրավերները։
Այնուհետև, հյուրերը շրջայց են կատարել լաբորատորիայում, ծանոթացել լաբորատոր մեթոդներին և աշխատանքներին։