ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.04.2023
Տեղի է ունեցել TAIEX փորձագիտական առաքելության «Կլիմայի փոփոխության և Փարիզյան համաձայնագրի վերաբերյալ կարողությունների զարգացում» խորագրով եռօրյա հանդիպումը

Ապրիլի 4-6-ը շրջակա միջավայրի նախարարության նիստերի դահլիճում տեղի է  ունեցել TAIEX փորձագիտական առաքելության «Կլիմայի փոփոխության և Փարիզյան համաձայնագրի վերաբերյալ կարողությունների զարգացում» խորագրով եռօրյա հանդիպումը։
 Փորձագիտական առաքելության նպատակն էր ԵՄ լավագույն փորձի և առաջարկությունների փոխանակմամբ նպաստել «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայանգրի պահանջների և դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի  քարտուղարության և Խորհրդին կից  գործող մեղմման և հարմարվողականության, կոնվենցիայի ներքո երկրի հաշվետվայնության և ֆինանսական հարցերով աշխատանքային խմբերի գործունեության բարելավմանը: 
Հանդիպմանը մասնակցել են «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի  աշխատանքային խմբերի անդամները։ 
Բացման խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը։ 
Նոնա Բուդոյանը նշել է, որ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործողությունները չեն կարող արդյունավետ լինել առանց թափանցիկ շրջանակի կառուցման։ Կայուն և կլիմայադիմացունություն օրակարգի ձևավորելու համար գործողությունների թափանցիկությունը առանցքային դեր ունի հետագիծը վերլուծելու, գնահատելու,  կատարելագործելու և ճիշտ համակարգման համար։
Կլիմայական քաղաքականության համատեքստում ազգային պայմանների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել Նոնա Բուդոյանը, ԵՄ փորձագետներ Տատյանա Օբուչինան՝ Խորվաթիայից և Միլան Զվարան՝ Սլովակիայի Հանրապետությունից։ 
ԵՄ փորձագետները ներկայացրել են  իրենց երկրներում առկա Չափողականության, հաշվետվայնության և հավաստագրման (ՉՀՀ) համակարգի գործարկման օրենսդրական և ինստիտուցիալ դաշտը։
 Կլիմայական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը ներկայացրել է ՉՀՀ համակարգի վերաբերյալ հայաստանյան իրավական և ինստիտուցիոնալ շրջանակները։ 
Քննարկվել է  ԵՄ երկրների փորձը։
ԵՄ փորձագետները և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են առաջարկություններ Խորհրդի և խմբերի հետագա աշխատանքի բարելավվման ուղությամբ, ինչը կքննարկվի նախարարությունում։