«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի համաձայն՝ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրեր իրականացնելու համար մասհանումներ են տրամադրվում։
Յուրաքանչյուր տարի համայնքներից շրջակա միջավայրի նախարարություն համաձայնեցման են ներկայացվում տարբեր ծրագրեր, որոնցով հնարավորինս լուծվում են առկա բնապահպանական խնդիրները։
Սյունիքի մարզում 2023-2024 թվականներին իրականացվել են, իսկ 2025 թվականին նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.
Կապան համայնքում 2023-2024 թվականներին իրականացվել են Վաչագան գետի հունի մաքրման, բետոնի հարթակների, գետի հենապատերի վերականգնման և վերանորոգման աշխատանքներ՝ համապատասխանաբար 134,579.1 և 161,918.9 հազար դրամ գումարով։ 2025 թվականին նախատեսվում է իրականացնել Վաչագան գետի հունի մաքրման, նոր հենապատերի կառուցման, առկա հենապատերի վերականգնման և Վաչագան գետի ավազանի էսթետիկ տեսքի ձևավորման աշխատանքները՝ 233,298.5 հազար դրամ գումարով,
Մեղրի համայնքում 2023 թվականին իրականացվել են Մեղրու համայնքապետարանի Մեղրի և Ագարակ բնակավայրերի վարչական շենքերում, «Մեղրի համայնքի Արևիք արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում, «Մեղրի համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Լեհվազ և Վարդանիձոր բնակավայրերի մասնաճյուղերում, «Ագարակի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքներ՝ 52,991.9 հազար դրամ գումարով։
2025 թվականին նախատեսվում է իրականացնել Ագարակ քաղաքի կենտրոնական զբոսայգու կանաչապատման և բարեկարգման, Ագարակ քաղաքի մանկապարտեզի շենքի հարակից տարածքի կանաչապատման և բարեկարգման, Լեհվազ գյուղի մանկապարտեզի շենքի հարակից տարածքի կանաչապատման և բարեկարգման, Մեղրի քաղաքում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհի և հենապատի վերանորոգման և բժշկական սարքերի ձեռքբերման աշխատանքներ՝ 125,441.3 հազար դրամ գումարով,
Քաջարան համայնքում 2025 թվականին նախատեսվում է իրականացնել Գեղանուշ (Պահագետ) գետի հունի կարգավորման և կողային հենապատերի ամրացման, ջրընդունիչ հանգույցի կառուցման, ոռոգման ջրատարի անցկացման և բժշկական սարքերի ձեռքբերման աշխատանքներ՝ 272,615.2 հազար դրամ գումարով։