Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հանդիպում է ունեցել բուլղարական «Stroyproject» ՍՊԸ-ի ղեկավար Քրիստո Կրուշարսկիի հետ:
Հանդիպմանը մասնակցել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Stroyproject» ընկերությունը հանդիսանում է ակտիվ ներգործության միջոցներով հակակարկտային պաշտպանության բնագավառում առաջատար կազմակերպություններից մեկը՝ Արևելյան Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրներում։
Կազմակերպության ներկայացուցիչների հետ առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 12-ին Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն «Stroyproject» ՍՊ ընկերությանը տրամադրվել է անհրաժեշտ տեղեկատվություն, որի հիման վրա կազմակերպության կողմից պետք է ներկայացվեր հանրապետությունում հակակարկտային պաշտպանության եղանակների (հրթիռային, ինքնաթիռային, գեներատորային) վերաբերյալ։ Առաջարկը պետք է ներառեր հանրապետության տարածքի համար հրթիռների արձակիչ կայանքների և գեներատորների քանակի, դրանց տեղաբաշխվածության, անհրաժեշտ ինքնաթիռների քանակի, վերջիններիս սպասարկման և գործարկման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների և տնտեսական արդյունավետության վերաբերյալ համապարփակ և առավելագույնս ճշգրիտ տեղեկատվություն։
Այս հանդիպմանը Քրիստո Կրուշարսկին նախարարի տեղակալին ներկայացրել է իրենց կողմից պատրաստված առաջարկը։ Տեխնիկական առաջարկն ընդգրկում է հակակարկտային պաշտպանության տարբեր եղանակներ՝ ինքնաթիռային, բուլղարական արտադրության հրթիռային և գեներատորների միջոցով։
Ըստ ներկայացված առաջարկի` Հայաստանում առավել նպատակահարմար է ներդնել հակակարկտային պաշտպանության ինքնաթիռային և գեներատորային համակցված միջոցները։
