2025 թ. հունիսի 5-ին Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա շրջանակում, Բերդի «Սորաններ» դենդրոպարկում իրականացվեց բնապահպանական թեմատիկ միջոցառում, որը կազմակերպվել էր Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի և Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից։
Միջոցառման նպատակն էր խթանել հանրային մասնակցությունը բնության պահպանության գործընթացներում, խորացնել կապը շրջակա միջավայրի հետ և ստեղծել համագործակցային հարթակ՝ բնապահպանական կրթության, քննարկումների և մշակութային ներգրավվածության համար։
Միջոցառմանը մասնակցեցին գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, աշակերտներ, ուսանողներ, բնապահպաններ, համայնքի ներկայացուցիչներ և այլ հետաքրքրված անձիք։
Ծրագիրը ներառել է էկո-կրթական կանգառներ, կիրառական արվեստի գոտիներ, բնաճանաչողական խաղեր, թեմատիկ ելույթներ և բաց զրույցներ։
Օրվա ավարտին ներկաները վայելեցին բացօթյա կինոդիտում՝ լուսանկարիչ, կենսաբան Հրաչ Ղազարյանի հեղինակային «Հայաստան, որը չենք տեսել» բնապահպանական ֆիլմի ցուցադրությամբ։
