ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.08.2024
Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները երկօրյա ճանաչողական այց կատարեցին Բերդի «Սորաններ» դենդրոպարկ և «Զիկատար» պետական արգելավայր

Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի  նախաձեռնությամբ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն օգոստոսի 8-ից 9-ը ճանաչողական այց են կատարել Բերդի «Սորաններ» դենդրոպարկ և «Զիկատար» պետական արգելավայր՝  ծանոթանալու արգելավայրի  կենսաբազմազանությանը, ծառուտների պատմությանը և տեղական բնության  առանձնահատկություններին։
Միջոցառման նպատակն էր էկոզբոսաշրջության նախադրյալների գնահատումը և առկա ռեսուրսների օգտագործումը։
Այցի մասնակիցները «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Տեր-Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել են դենդրոպարկի տնկարան, տեղում ծանոթացել տնկված ծառատեսակներին, քննարկել  դրա բարեկարգման աշխատանքները, ներուժը, այնուհետև մասնակիցները տեղադրել են թույա թփատեսակի կտրոններ։
«Զիկատար» պետական արգելավայրի անտառագետի ուղեկցությամբ իրականացվել է քայլարշավ, որի շրջանակներում մասնակիցները ծանոթացել են արգելավայրի  բուսականությանը, ծառուտների պատմությանը։
«Զիկատար» պետական արգելավայրի այցելությունների կենտրոնի քննարկումների սրահում աշխատակիցները ներկայացրել են ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող տարածքների մասին տեղեկատվություն, որից հետո ոլորտի ներկայացուցիչները քննարկում են ունեցել էկոտուրիզմի զարգացման պոտենցիալը Բերդի «Սորաններ» դենդրոպարկում և «Զիկատար» պետական արգելավայրում թեմայով և հանդես են եկել առաջարկություններով։
Միջոցառումն ավարտվել է էկոգրիչների անվանական տնկմամբ համապատասխան սերմնաբաժակներում, որը ՊՈԱԿ-ի ավանդույթներից է։