Տեղի ունեցավ ռեսուրսների մոբիլիզացման ազգային պլանի ներկայացումը։ Միջոցառումը կյանքի է կոչվել ԲԾԻԳ ՊՀ-ի «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Հանդիպմանը ներկա էին պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպություններ, ոլորտային գործընկեր կառույցներ, գիտական համայնքի ներկայացուցիչներ և ՀԿ-ներ։
Բացման խոսքով հանդես եկավ Շրջակա միջավայրի նախարարության նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ով իր խոսքում կարևորեց համակարգված և երկարաժամկետ արդյունքները.
«Մեր նպատակը ոչ միայն հողի պահպանության և վերականգնման ծրագրերի իրականացումն է, այլև գործուն, կայուն և համագործակցային հարթակի ձևավորումը՝ պետական, համայնքային, գիտական և գործընկեր կառույցների միջև։ Մենք կարող ենք հասնել համակարգված, նպատակային և երկարաժամկետ ազդեցություն ունեցող արդյունքների»։
Հանդիպման առանցքում մոբիլիզացված ռեսուրսները, համատեղ ջանքերը և ճիշտ ռազմավարական մոտեցումներն էին, որոնք հնարավորություն կտան ապահովելու հողային էկոհամակարգերի վերականգնում և կայուն օգտագործում՝ ի շահ գալիք սերունդների։
Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է հողերի վերականգնման և կայուն կառավարմանն ուղղված ազգային ջանքերի ամրապնդման համար, հնարավորություն տալով արդյունավետորեն համադրել առկա ռեսուրսներն ու կարողությունները։ Այս պլանը հանդիսանում է ֆինանսական և տեխնիկական հնարավորությունները համախմբելու ուղենիշ, ինչպես նաև խթանում է շահագրգիռ բոլոր կողմերի համատեղ ջանքերն ու համագործակցությունը։
Ռեսուրսների մոբիլիզացման ազգային այս պլանը ոչ միայն ռազմավարական ուղենիշ է, այլ նաև հստակ քարտեզագրում՝ ներկայացնելով առկա հնարավորությունները, իրականացված և նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև համագործակցության նոր ուղիները՝ հողային ռեսուրսների արդյունավետ պահպանման և վերականգնման համար:
Քննարկման ընթացքում ուշադրություն դարձվեց նաև գենդերային հարցերին՝ ընդգծելով կանանց ակտիվ ներգրավվածության կարևորությունը հողի կայուն կառավարման և գյուղատնտեսական ծրագրերում։
Բացի այդ, ներկայացվեցին գործնական մեխանիզմներ դրամաշնորհային հնարավորությունների որոնման, դոնորների հետ արդյունավետ կապի հաստատման և երկարաժամկետ համագործակցության ձևավորման վերաբերյալ։
Հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանով, որի ընթացքում մասնակիցները բարձրացրին մի շարք առանցքային հարցեր, որոնք կդառնան հետագա աշխատանքների և քննարկումների կարևոր ուղղություններ։
Ծրագիրն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» (ԲԾԻԳ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից։
