Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում:
- Վերահսկողության միջոցառումների շրջանակում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ,
- Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված,
- Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ,
Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ,
- Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա խիստ վերահսկողություն սահմանում, մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ հսկիչ կետերի տեղակայում
- «Սևան» ազգային պարկի տարածքում շուրջօրյա հերթապահություն կսահմանվի,
- Երևանի և ՀՀ մարզերի շուկաներում սիգի ձկնկիթի և ձկան վաճառքը բացառելու համար կկազմակերպվեն ստուգայցեր։
Քաղաքացիները, ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցները պետք է հստակ գիտակցեն, որ նման միջոցառումներն ունեն մեկ նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից։
Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից: Սիգ ձուկը Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության կարևորագույն մասն է և պետք է խնդրին մոտենալ այդ գիտակցումով։
Բնապահպանության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպություններին կոչ ենք անում աչալրջությամբ ու սրտացավությամբ մոտենալ համազգային կարևորության այս խնդրին և աջակցել որսի արգելքի միջոցառումների իրականացմանը:։
ՀԻՇԵՑՈՒՄ
Սևանա լճում սիգի որսը կթույլատրվի ՄԻԱՅՆ 2025 թվականի համար նախատեսված արդյունագործական որսի չափաքանակների որոշումից և նոր պայմանագրերի կնքումից հետո։